Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն Վայոց ձորում
20.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Քաունթերփարթ Ինթերնեյշնլի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի մշակույթի տան ճեմասրահում և դահլիճում տեղի ունեցավ «Վայոց ձորի համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն»: Համաժողով-փառատոնի նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզի երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացումը, երիտասարդությանը հուզող խնդիրների բացահայտումը և մարզի զարգացման հեռանկարում երիտասարդության դերակատարության բարձրացումը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Նախքան համաժողովի մեկնարկը հյուրերը շրջեցին Բարձրունի, Գոմք, Հերհեր, Արենի, Գետափ համայնքների երիտասարդական նախաձեռնությունների ակումբների տաղավարներով` ծանոթանալով նրանց գործունեությանն ու ներկայացված արդյունքներին: Այնուհետև Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ համաժողովի պլենար նիստ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Քաունթրփարթ Ինթերնեյշնլի Վայոց ձորի մարզային համակարգող Ռուզան Ղազարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այնուհետև իրենց համայնքում իրականացված ծրագրերի մասին հարակից զեկույցներով հանդես եկան Արենի, Գետափ, Հերհեր, Գոմք, Բարձրունի համայնքների համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբների նախագահները: Ամփոփիչ ելույթներով հանդես եկան Քաունթրփարթ Ինթերնեյշնլի Երիտասարդական ծրագրերի համակարգող Վահե Դարբինյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Է.Ղազարյանն իր ամփոփիչ խոսքում շնորհավորեց նաև համաժողովի մասնակիցների Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Համաժողովը շարունակեց իր աշխատանքները «Երիտասարդական աշխատանք, բիզնես», «Երիտասարդության դերը համայնքային խնդիրների լուծման մեջ. Իրականություն և մասնակցության խոչընդոտներ», «Գյուղական երիտասարդության հիմնախնդիրներ» թեմատիկ խմբերում, որոնց արդյունքները պետք է ամփոփվեին սեպտեմբերի 21-ին կայանալիք ամփոփիչ պլենար նիստում: