Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

19.09.2013

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Բորիս Բատուրայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին մարզի տնտեսական կոմիտեի նախագահ Դմիտրի Պավլովիչը, «ԲելԱԶ» ավտոգործարանի տնօրեն Պյոտր Պարխոմչիկը:Պատվիրակությանը այցի ժամանակ մշտապես ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի մարզը 2004 թվականի բարեկամության և համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀ Սյունիքի մարզի հետ` հյուրերը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին և 17-ին այցելեցին  նաև ՀՀ Սյունիքի մարզ (http://syunik.gov.am/news/item/2013/09/17/Marzpet_Minsk/): Հյուրերին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց Տաթևի վանական համալիրում, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և պատվիրակության անդամների հետ միասին շրջայց կատարեցին վանքի տարածքում` ծանոթանալով համալիրի պատմությանն ու այդ տարածաշրջանում իրականացվող ծրագրերին: Այնուհետև հյուրերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ, որտեղ իրենց կեցավայրում, «Օլիմպիա» առողջարանում, թեյի սեղանի շուրջ հանդիպում ունեցան Ջերմուկ քաղաքի տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ջերմուկի քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը, Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին զբոսաշրջային ոլորտում համագործակցության, մասնավորապես, Ջերմուկի առողջարաններում Բելառուսի քաղաքացիների բուժման և հանգստի կազմակերպման հեռանկարներին առնչվող հարցեր: 2013 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Ջերմուկ քաղաքում, այցելեցին Ջերմուկի ըմպելասրահ, ծանոթացան քաղաքում իրականացվող որոշ ծրագրերին: Այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկի մայր գործարան», որտեղ ընկերության տնօրեն Հայկ Հովսեփյանը ներկայացրեց ընկերության պատմությունը` ծանոթացրեց հանքային ջրի արտադրության պայմաններին: Նույնը օրը պատվիրակության անդամները այցելեցին Եղեգնաձոր, որտեղ տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեցին  նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի և ԲՀ Մինսկի մարզերի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Պաշտոնական հանդիպումից հետո մարզպետարանի ճեմասրահում տեղի  ունեցավ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին Համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, իսկ բելառուսական կողմից` ԲՀ Մինսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ Բորիս Բատուրան: Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը հանդես եկան երկու մարզերի միջև բարեկամություն զարգացնելու մտադրությունների և ծրագրերի վերաբերյալ, որից հետո տեղի ունեցավ ընդունելություն:

Նույն օրը հյուրերն այցելեցին ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում գտնվող «Վեդի Ալկո» ընկերությանը պատկանող գինու գործարան, որտեղ ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը ծանոթացրեց գինու արտադրության պայմաններին և պատմությանը: Գործարանի արտադրամասերից մեկում հյուրերը համտեսեցին ընկերության տարբեր տարիներին արտադրված կարմիր և սպիտակ անուշահամ գինիներ: Հյուրերի այցի հաջորդ կանգառը Նորավանքի վանական համալիրն էր, որտեղ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի կողմից ներկայացվեց Նորավանքի համառոտ պատմությունը: Վանական համալիրի տարածքում շրջայց կատարելուց և մոմավառությունից հետո` պատվիրակության անդամները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ մեկնեցին Երևան, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ միասին հանդիպում ունեցան ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ (http://www.mta.gov.am/hy/news/item/2013/09/18/122/):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28