Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Տուրիզմ-Վայոց ձոր>> խորագրով ֆորում-քննարկում Վայոց ձորում
02.09.2013
Ս/թ օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Հեմոն համայնքում գտնվող Լուսի Տուր հյուրանոցային համալիրում մասնակցությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, <<Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորում>> ծրագրի շրջանակում տեղի ունեցավ <<Տուրիզմ-Վայոց ձոր>> խորագրով ֆորում-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀԿ-ների, ֆինանսավորող կազմակերպության, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման կենտրոնների, գործընկեր կառույցների, ինչպես նաև տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ով կարևորեց տեղական զբոսավարների վերապատրաստման դասընթացը և երիտասարդության շրջանում տուրիզմի զարգացման նկատմամբ եղած հետաքրքրությունը: Ֆորումի ընթացքում քննարկեց մարզում զբոսաշրջության զարգացման հեռանկարները:
Ներկայացվեց 2013թ-ի ապրիլի 1-ից <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ում մեկնարկած հնգամսյա <<Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորի մարզում>> ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ( EDMC ) ծրագրի կողմից:
Ծրագրի ընթացքում Վայոց ձորի մարզից 15 երիտասարդներ վերապատրաստվել են որպես զբոսավարներ: Դասընթացի երեքամսյա տեսական դասընթացից հետո սկսվել է երկամսյա գործնական փուլը, որի ընթացքում մասնակիցները պրոֆեսիոնալ զբոսավարների ուղեկցությամբ այցելել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային կոթողներ՝ զբոսավարության գործնական աշխատանքներ իրականացնելու:
Ծրագրի ներկայացումից հետո մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարները, որի ենթացքում ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններ արվեցին մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, Վայոց ձորի թեմի առաջնորդի, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների, կրթական ու մշակութային հաստատությունների կողմից:
Հանդիպման ավարտին վերապատրաստված զբոսավարներին հանձնվեցին հավաստագրեր: