Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում
27.08.2013
Ս/թ օգոստոսի 27-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները, կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղի աշխատակիցներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը բացման խոսքում շնորհավորեց կրթության համակարգի աշխատողներին և աշակերտներին նոր ուստարին մեկնարկելու կապակցությամբ, հորդորեց սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր նշել հանդիսավորությամբ և հավաստեց, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ, իրենց ողջունը բերելով ուսուցիչներին և աշակերտներին:
Մարզի կրթական համակարգի 2012-2013 ուսումնական տարվա արդյունքների և 2013-2014 ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և պատասխանեց ելույթում առաջ քաշված , ինչպես նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Հնչեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք առաջարկություններ ու հայտարարություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ ու մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք: Խոսեց անցած ուսումնական տարում ստուգումների արդյունքում վեր հանված թերությունների մասին և հորդորեց առավել կարճ ժամանակահատվածում վերացնել նշված թերությունները:
Մարզպետը հանձնարարեց դպրոցների ղեկավարներին՝ անել հնարավոր ամեն բան տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու պետական ծրագիրն իրենց ղեկավարած դպրոցներում հաջողությամբ իրականացնելու համար: Նա նշեց նաև, որ 2013-2014 ուսումնական տարում Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցները կապահովվեն համակարգչային դասարաններով և էլեկտրոնային կապով, որն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան կողմից:
Խոսվեց նաև ուսումնական պրոցեսի արդյունավետ կազմակերպման մասին, որին էլ միտված կլինի դպրոցների օպտիմալացման ծրագրի իրականացումը: