Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախագահը ներկա է գտնվել ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին
26.08.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին:
,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:
,,Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը,,,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ: Հանրապետության Նախագահի խոսքով, մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ Նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:
Գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը՝ 54 ընտանիքից հասնելով 2041-ի, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ թիվն էլ է պետք մեծացնել. ,,Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը ևս ընդլայնենք և հնարավորություն տանք, որպեսզի այս մրցույթին մասնակցեն նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: Սա չափազանց կարևոր է, որովհետև այդ մարդիկ էլ են մեր հասարակության լիարժեք անդամները, և նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերելու, իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր միջոցառմանը,,:
Հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի կազմակերպիչների կողմից Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվել է գավաթ՝ ի նշան երախտագիտության:
Աղբյուրը՝ president.am 26.08.2013թ.
Հավելենք, որ ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին ներկա է եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նշենք, որ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի առաջին փուլին Վայոց ձորի մարզից մասնակցել է շուրջ հարյուր ընտանիք, մարզային փուլին՝ 36, իսկ հանրապետական փուլին՝ 12 ընտանիք:
ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլերը Վայոց ձորի մարզում կազմակերպել և անցկացրել է, ինչպես նաև հանրապետարան փուլին մասնակցած մարզային պատվիրակությունը 10 տարի շարունակ ղեկավարել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հուվհաննիսյանը, որի համար արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրին: