Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ
26.08.2013
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 24-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկություններ ներկայացրել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի մասին, ինչպես նաեւ անդրադարձել բաշխման պայմաններին ու մեխանիզմներին:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ հանրապետություն է ներկրվելու 8310 տոննա պարարտանյութ, եւ առաջիկայում մեկնարկելու է բաշխումը: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կարող է հատկացվել առավելագույնը 1 տոննա պարարտանյութ, 50 կգ կշռող պարկը կտրվի 6 հազար դրամով: Նա նշել է, որ որոշակի փոփոխություններ են կատարվել ծրագրի իրականացման մեխանիզմներում` հնարավոր խախտումներ թույլ չտալու համար:
Շուտով մեկնարկելու է նաեւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխումը: Ընդհանուր առմամբ հանրապետության գյուղացիական տնտեսություններին բաշխվելու է շուրջ 3400 տոննա սերմացու` ըստ մարզերից ստացված պահանջարկի: Տվյալ մարզում արտադրված սերմացուն կհատկացվի նույն մարզին:
Փոխվարչապետն առաջարկել է բաշխման գործընթացն սկսել այն մարզերից, որտեղ աշնանացանի աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկում: Նա տեղեկացրել է, որ կառավարության առաջիկա նիստերում հաստատվելու է նաեւ դիզվառելիքի հատկացման ծրագիրը, որն իրականացվելու է նույն սկզբունքներով եւ մեխանիզմներով, ինչ՝ պարարտանյութի ծրագիրը: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է սերտորեն համագործակցել գյուղնախարարության հետ` ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
Մարզպետները բարձրայնել են այս տարի ստացված հացահատիկի առատ բերքի իրացման խնդիրը` նշելով, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ տեղական ալրաղացների կողմից: Փոխվարչապետը գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել հարցը եւ տեղեկություններ ներկայացնել կառավարություն:
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը մարզպետներին ներկայացրել է հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ հաստիքների կանոնակարգման ուղղությամբ նախարարության նոր մոտեցումները, որոնք մշակվել են համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Ըստ փոխնախարարի ` ուսումնաօժանդակ հաստիքացուցակների միասնականացման մոտեցումներ են սահմանվել երեք խումբ դպրոցների համար` մինչեւ 100, 101-300 եւ 301-ից ավելի աշակերտ ունեցող: Մարզպետներն իրենց նկատառումներն են հայտնել ներկայացված հարցի շուրջ:
Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրել է նաեւ ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ նույն օրն ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել էին համայնքներում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Նա մարզպետներին առաջարկել է ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագրի` իրենց մարզերին վերաբերող հատվածները եւ համատեղ որոշել առաջնահերթությունները:
Ա. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ ոռոգման շրջանում փոքր ՀԷԿ-երի գործունեությանը` նշելով, որ ջրային ռեսուրսներն առաջնահերթ պետք է օգտագործվեն բնակչության խմելու-կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Նա մարզպետներին հանձնարարել է գործընթացն իրենց վերահսկողության տակ վերցնել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: