Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿ` ՆԵՐՇՆՉՎԱԾ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑՈՎ
15.08.2013

Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած ՙՍիրանույշ՚ ճամբարում իրենց հանգիստն էին անցկացնում Վրաստանի հանրապետությունից և Հաաստանի տարբեր մարզերից ժամանած սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 60 երեխա, ովքեր այս ճամբարում հյուրընկալվել էին ՙՃանբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության՚ ծրագրի շրջանակում: Այն փոխանակային ծրագիր է, որը գործում է 2006 թ-ից: Ավանդույթի համաձայն այս անգամ ևս ճամբարականների համար հետաքրքիր խաղերով, ազգային մշակույթի ուրախ ելևէջներով հագեցած առօրյան դարձավ բարեկամության, մտերմության կամուրջ: Կարճ ժամանակում նրանք կարողացան այնքան հարազատ դառնալ միմյանց, որ թվում էր, թե բոլորն էլ նույն ընտանիքից են եկել: Դա է վկայում նաև օգոստոսի 14-ին կազմակերպված հրաժեշտի միջոցառումը, որն ուղեկցվում էր ուրախ ու հայրենասիրական երգերով ու պարերով, որոնցում գրեթե անհնար էր զանազանել վրացին հայից, հայը` վրացուց: Հրաժեշտի միջոցառման եզրափակիչ մասը կազմում էր ավանդական ճամբարային խարույկը, որի ֆոնի վրա իր անակնկալ ու գեղեցիկ ելույթը ներկայացրեց ՙՖայեր՚ կրակների շոուն, որն ազդարարեց նաև տոնական օրվա` երկրորդ խորհրդի մասին. լրացավ ՙՍիրանույշ՚ ճամբարի հիմնադրման 20-ամյակը:
Ճամբարականներին ու միջոցառման մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց մարզպետ Էդգար Ղազարյանը: Օրվա միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոց. ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: