Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանը ծանոթացավ Վայոց ձորի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին

09.08.2013

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Փոխվարչապետը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Սեւան-Մարտունի- Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցեցին, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթեւեկելի կլինի նաեւ բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 38 մլն դրամ:

Փոխվարչապետն այցելեց նաեւ մարզի Գետափ, Շատին, Արտաբույնք, Հերմոն համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մինչեւ սեպտեմբեր կավարտվեն Արտաբույնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Շատին գյուղում նույն ծրագրով արդեն ավարտվել է համայնքային կենտրոնի շենքի վերակառուցումը, իսկ Գետափում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով նորոգվում է մանկապարտեզի շենքը: Հերմոն համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ զբոսաշրջային նոր համալիրի պայմաններին եւ հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Քննարկվեցին Եղեգիսի կիրճում զբոսաշրջության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով, որ տարածքն ու մարզը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում բարձրացրեցին գազիֆիկացման, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանպարհների բարեկարգման, գյուղմթերքի իրացման, նոր գյուղտեխնիկայի անհրաժեշտության, ինչպես նաեւ համայնքներում հանրապետական հեռուստաալիքների հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ տվեց նաեւ նրանց հուզող մի շարք խնդիրների` գազի սակագնի բարձրացման հետ կապված սոցիալապես անապահով խավին կառավարության կողմից օժանդակության, կենսաթոշակային բարեփոխումների, ընտանեկան նպաստի համակարգի, ավանդների փոխհատուցման գործընթացի, կադաստրային փաստաթղթերը ձեւակերպելու համար չափագրումների նոր կարգի եւ այլ հարցերի վերաբերյալ:

Եղեգնաձորում փոխվարչապետին զեկուցվեց քաղաքի ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված մոտ 60 մլն դրամով արդեն ավարտվել է Մոմիկի փողոցի նորոգումը, պետբյուջեից շուրջ 231 մլն դրամ է հատկացվել Նարեկացի եւ Սպանդարյան փողոցների բարեկարգման համար: Պատասխանատուները նշեցին, որ Սպանդարյան փողոցի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար ոռոգման ենթակառուցվածքների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գեւորգյանն առաջարկեց հարցը քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ եւ համատեղ լուծումներ գտնել:

Փոխվարչապետն աշխատանքային այցն ավարտեց մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Աղբյուրը՝ ՏԿՆ պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00