Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ <<Ռուսհամագործակցություն>> դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավարի հետ
13.06.2013
Հունիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության <<Ռուսհամագործակցություն>> դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ՝ վերջինիս հրավերով: Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Քննարկվեցին ռուս-հայկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտների՝ Արխանգելսկի և Նիժեգորոդի շրջանների, միջև գործակցության արդյունավետ ուղիների շուրջ: Նշվեց, որ առկա են բավարար նպաստավոր նախադրյալներ արդյունավետ իրագործելու ինչպես տնտեսական համատեղ ծրագրեր, այնպես էլ կենսագործելու համատեղ նախագծեր երիտասարդական տուրիզմի, առողջարանային հանգստի և այլ բնագավառներում:
Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավարն առաջարկեց, ի լրումն ՌԴ այդ երկու սուբյեկտների, համագործակցություն սկսել նաև Վորոնեժի շրջանի հետ, քանի որ շրջանում առկա է բավականին մեծ հայկական համայնք, որում զգալիորեն ներկայացված են վայոցձորցի մեր հայրենակիցները` գործարարներ, ձեռնարկատերեր:
Վերջում մարզպետը շնորհավորեց Ռուսաստանի գործընկերոջը սպասվելիք պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով, մաղթեց ռուս ժողովրդին և պետականությանը բարօրություն և հզորացում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: