Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
12.06.2013
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկություններ է ներկայացրել հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով:
Քննարկվել են նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի վերահսկողությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է գործընթացի նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը:
Փոխվարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության եւ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերին, որոնք ուսումնասիրություններ են իրականացնում մարզերում` ծրագրերի նպատակային իրականացման, գործող մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրները պարզելու, ինչպես նաեւ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բաշխման գործընթացի վերահսկողության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ մարզպետներն առաջարկություններ ներկայացնեն կառավարությանը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ մարզերի կրթական հաստատություններում ուսումնական տարվա ավարտի եւ գալիք ուսումնական տարվա նախապատրաստման հետ կապված վարչական աշխատանքների կազմակերպման հարցեր: Քննարկվել են նաեւ ընթացիկ մի շարք այլ խնդիրներ:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: