Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
28.05.2013
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր, հայոց պետականության հաստատումը` պետականության յոթդարյա կորստից հետո:
Ճիշտ է` Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի, սակայն այդ ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում, երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։
Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է:
1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենապաշտության վկայությունն է: Ուստի փառք ու պատիվ մաղթենք բոլոր նրանց ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին և մեզ ավանդեցին այս մի բուռ երկիրը, որի զորացումն ու հզորացումը մեր սերնդի գործն է, որպես պատասխան նրանց թափած արյան և բարի հիշատակ նրանց հերոսկան արարքների:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր, բարեկեցություն և ամուր պետականություն: