Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վոլեյբոլի հուշամրցաշար նվիրված Վահիկ Լևոնյանի հիշատակին
03.05.2013
2013 թվականի մայիսի 3-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում մեկնարկեց Խորհրդային Միության հերոս, մեր հայրենակից Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված Վոլեյբոլի ավանդական հուշամրցաշարը:
Հուշամրցաշարի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահան Վարդանյանը և մրցաշարի մրցավար Ռաֆիկ Գևորգյանը: Հայրենասիրական երգերի կատարումներով հուշամրցաշարին իրենց ողջույնն էին բերել Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, բազմաթիվ մրցույթների մրցանակակիր Արթուր Կարապետյանը:
Հուշամրցաշարն անցկացվելու է երկու տարածաշրջաններով` Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների համայնքային, ուսումնական հաստատություննների և մարզում տեղակայված զորամասերի վոլեյբոլի թիմերի ընդգրկումով:
Մրցաշարի ամփոփիչ խաղերը տեղի կունենան մայիսի 8-ին: Իսկ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, Արփի գյուղում, հերոսի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: