Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանկոֆոնիայի օր Եղեգնաձորում

03.05.2013


2013 թվականի մայիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում Վայոց ձոր այցելած Ֆրանկոֆոն դեսպանների պատվիրակությանը, որի կազմում էին` Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Կոնստանտին Օբոլենսկին, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոն, Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության խորհրդական Վասիլ Վասիլևը, ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արամ Գրիգորյանը, Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը և աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց պետությունների բարեկամության կարևորագույն օղակ հանդիսացող Ֆրանկոֆոնիայի միամսյակի ամփոփիչ միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ մարզ այցելած պատվիրակության անդամներին և իր խոսքում կարևորեց ավանդական միամսյակը, որպես ֆրանսերեն լեզվի իմացության ամրապնդման և ֆրանսիական մշակույթի տարածման խթանիչ հանգամանքի: Նա հավելեց նաև, որ ինքը շատ է կարևորում բարեկամների լեզվով խոսելը, ուստի ամեն ջանք պիտի ներդնի մարզում բարեկամ պետությունների լեզուների ուսումնասիրման գործընթացին նպաստելու համար:
Դեսպանները շնորհակալություն հայտնեցին մարզի 6 դպրոցներում ֆրանսերեն լեզվի ուսումնասիրման և մարզում ֆրանսիական մշակույթի տարածման համար մարզպետի և մարզպետարանի ջանքերի համար: Նրանք հետաքրքրվեցին մարզի պատմական անցյալով, զարգացման հեռանկարային ծրագրերով և տնտեսության գործունեության առկա վիճակով:
Մարզպետը ներկայացրեց մարզի տնտեսության զարգացման առավել կարևոր ճյուղերը` խաղողագործություն և գինեգործություն, անասնապահություն, զբոսաշրջություն:
Հանդիպումից հետո մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ կազմակերպված է ժամանակավոր ցուցադրություն «Վայոց ձորի հնավայրերը» խորագրով:
Թանգարանում շրջայց կատարելուց հետո հյուրերը Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված հիմնական հանդիսությանը, որը կազմակերպել էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաներն ու ուսուցիչները:
Այնուհետև հյուրերն ուղևորվեցին Նորավանք, որտեղ ծանոթացան միջնադարյան հայկական այդ բացառիկ հուշարձանի պատմությանը : Հյուրերը եղան նաև ավելի քան 5.000 տարվա վաղեմություն ունեցող գինու արտադրության քարանձավում:
Այցի ավարտին Արենի գյուղի գինու նորաբաց համտեսի սրահում տեղի ունեցավ Վայոց ձոր ժամանած հյուրերի և նրանց ընտանիքի անդամների ընդունելություն, որտեղ Արենի գինու գործարանի սեփականատեր Ռաֆիկ Սիմոնյանի կողմից հյուրասիրություն էր կազմակերպված`  վայոցձորյան տարատեսակ գինիների համտեսով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37