Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցելություն Գլաձոր և Գետափ համայնքներ
29.04.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ համայնքներ, որտեղ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ: Կապիտալ հիմնանորոգումից հետո այդ երկու համայնքներում ստեղծվելու են լավագույն պայմանները մանկահասակ երեխաների ժամանցի և դաստիարակության համար: Հիմաննորոգված շենքները հետագայում հանձնվելու են համապատասխան համայնքներին՝ հնարավորություն տալով նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին ընդգրկվել ուսումնական գործընթացում: Հաշվի առնելով, մասնավորապես Գլաձոր համայնքի Եղեգնաձոր և Վերնաշեն համայնքների մոտ լինելու հանգամանքը, հիմնանորոգված մանկապարտեզ կարող են հաճախել նաև հարևան համայնքների երեխաները՝ ապահովելով լիարժեք ծանրաբեռնվածություն: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2013 թվականի ընթացքում: 2012 թվականի հոկտեմբերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ վերաբացվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից ամբողջությամբ հիմնանորոգված Խաչիկ սահմանամերձ համայնքի դպրոցը: Մոտ ապագայում նույն հիմնադրամի միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Մալիշկա համայնքի մանկապարտեզը և նոր մանկապարտեզ կառուցել Արենի համայնքում: