Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ փոխվարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը
29.03.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 28-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին տեղեկություններ է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող "Արի տուն" ծրագրի մասին: Նախարարը նշել է, որ ակնկալում է Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետների աջակցությունը` հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում: Ծրագրով հայրենիք այցելող երեխաները կարող են հյուրընկալվել ինչպես Երեւանում, այնպես էլ մայրաքաղաքին մոտ վերոնշյալ մարզերում:
Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն եւ աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում:
Խորհրդակցության օրակարգի մյուս հարցը վերաբերել է գյուղատնտեսական խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ պարարտանյութի եւ դիզելային վառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է. բաշխումը հիմնականում կատարված է ցածրադիր գոտիներում, առաջիկա օրերին էլ պարարտանյութ եւ դիզվառելիք կստանան բարձրադիր գոտիների հողօգտագործողները:
Առաջիկա օրերին կմեկնարկի նաեւ գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի սերմացուի բաշխումը: Ս. Կարապետյանը մարզպետներին առաջարկել է նաեւ հստակեցնել մարզերում առկա պահանջարկը եւ վերջնական տվյալները ներկայացնել նախարարություն:
Փոխվարչապետը կարեւորել է ինչպես սերմացուի, այնպես էլ պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի արագացումը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հողօգտագործողները դժվարություններ չունենան: Նա մարզպետներին հորդորել է սերտ համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` ծրագրերի ժամանակին իրականացումն ապահովելու համար:
Խորհրդակցությանը քննարկվել է նաեւ հանրապետության համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայումս Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) ներդրված է 352 համայնքում, էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից օգտվելու հնարավորություն ունի 129 համայնք:
Կարեւորելով էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից` փոխվարչապետը մարզպետներին եւ ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարել է համատեղ աշխատանքներ իրականացնել` համակարգերի ներդրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Բարձրացվել է մարզերում ինտերնետ կապի որակի հարցը, ինչի վրա կհրավիրվի նաեւ օպերատոր ընկերությունների ուշադրությունը:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. առաջին երկու ամիսների ցուցանիշներին: Դրական համարելով տարեսկզբի միտումները ` փոխվարչապետը կարեւորել է այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետեւողական աշխատանքի իրականացումը եւ մարզպետներին առաջարկել` հարցն ուշադրության կենտրոնում պահել:
Քննարկվել են նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
Աղբյուրը` ՏԿՆ պաշտոնական կայք