Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նվիրված մարզի մի շարք համայնքների գազաֆիկացման խնդիրներին
20.03.2013
Մարտի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարզի Արփի, Գետափ, Զառիթափ, Զեդեա, Մալիշկա և Փոռ համայնքների գազաֆիկացման խնդիրները:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը և նշված համայնքների ղեկավարները: Խորհրդակցության հիմնական բանախոսներն էին ՀՀ կառավարության աշխատակազմի <Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի> զարգացման բաժնի ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և գլխավոր մասնագետ Վաղարշակ Կանայանը:
Ալեքսանդր Քալանթարյանը նշեց, որ ՀՀ վարչապետի նախագահությամբ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է ընդունվել այսուհետ գազաֆիկացման աշխատանքներում ընդգրկել ոչ միայն միջհամայնքային խողովակաշարի կառուցման, այլև ներհամայնքային ցանցի կառուցման աշխատանքները: Վաղարշակ Կանայանը նշեց, որ ծրագրվում է գազատար խողովակների մոնտաժման աշխատանքներ իրականացնել, այն հասցնելով մինչև յուրաքանչյուր բաժանորդի բնակարան, պայմանով, որ բնակիչները ներկայացնեն դիմում և այդ աշխատանքների համար մուծեն որոշակի գումար, որը գազամատակարարումից հետո կմարվի որպես բաժանորդների կողմից ծախսված գազի կանխավճար:
Համայնքների ղեկավարները ողջունեցին գրասենյակի նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեցին, նշելով, որ այն որոշակիորեն կթեթևացնի գյուղաբնակների դժվարությունները: