Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց

16.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ հանրապետության խոշոր քաղաքների` Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետերը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2013թ. պալատի գործունեության սկզբունքները: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքներին եւ մարզպետարաններին, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ եւ խորհրդատվություն:

Փոխվարչապետն ավելացրեց, որ գնումների գործընթացները լինելու են նաեւ Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Նա կարեւորեց համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրների բացահայտումը եւ գործընթացների պարզեցմանն ու թափանցիկությանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ ներկայացրեց մի շարք մշակութային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին կկազմակերպվի Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսն (մարզային "ArtExpo") ու մրցույթ-փառատոնը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ. սեպտեմբերին` Գյումրիում եւ Վանաձորում: Ցուցահանդեսի եւ փառատոնի մրցութային փուլերն այս անգամ կանցկացվեն Վանաձոր, Արտաշատ եւ Արմավիր քաղաքներում: Նախարարը կարեւորեց բոլոր մարզերի ակտիվ մասնակցությունը միջոցառումներին:

Նա նաեւ ընդգծեց 2013թ-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ կապված տարվա ընթացքում նախատեսվող տարբեր մշակութային նախագծերին եւս բոլոր մարզերի մասնակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել Մշակույթի նախարարության հետ` միջոցառումներին անհրաժեշտ մասնակցություն ապահովելու համար:

Նախարար Հ. Պողոսյանը նաեւ անդրադարձավ "Երեւան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագրին", որը նպատակ ունի նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ նշված երթուղու վրա գտնվող մշակութային հուշարձաններն առավել հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Նախարարի խոսքով` արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաեւ Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ մարզերում 2013թ. գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի եւ դիզվառելանյութի պահանջարկի վերաբերյալ հստակ տեղեկատվություն:

Քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:

                                                                               Աղբյուրը` mta. gov.am, 15.01.2013թ.

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45