Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այլընտրանքային տուրիզմի փառատոն-համաժողով` Վայոց ձորում
19.11.2012
Վայքի <Աշխատանք և հայրենիք> հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 17-18-ը ներկայացրեց իր հերթական նախաձեռնությունը` <Այլընտրանքային տուրիզմի փառատոն-համաժողով>, որի նպատակն է Վայոց ձորի մարզում տուրիզմի զարգացումը, ինչը մարզի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկն է:
Ամբողջ աշխարհում այսօր մեծ տարածում ունեն տուրիզմի այլընտրանքային ձևերը` էկո, ագրո, արկածային, գինու, խոհանոցային, որոնցից յուրաքանչյուրի զարգացման համար Հայաստանում, մասնավորապես Վայոց ձորում, առկա են բոլոր պայմանները:
Միաժամանակ, տուրիզմի այս ձևերը ավելի են մոտեցնում զբոսաշրջիկներին Հայաստանի մարզերին և դրանց զարգացումը համահունչ է տարածքային համաչափ զարգացման կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Վայքի մարզադաշտին հարող անտառում կազմակերպիչները ստեղծել էին այլընտրանքային տուրիզմի խորհրդնաշական միջավայր` անտառում խփված էր վրանային ճամբար, շուրջն արածում էին ձիերը, որոնցով զբոսաշրջիկները կարող են զբոսնել, բազմաթիվ մասնակիցներին գրավում էին նաև հեծանիվները, որով նրանք <մրցում էին> Վայքի նոր վերանորոգված Երիտասարդական փողոցում: Վայոց ձորի ավանդական խոհանոցը իրենց տաղավարներում ներկայացնում էին մարզի հանրահայտ սննդի օբյեկտները, առանձին տաղավարով ներկայացված էին տեղական գինիները: Միջոցառմանը հրավիրված էին երևանյան տուրիստական ընկերություններ, որոնց համար այս միջոցառումը լավ հնարավորություն էր ծանոթանալու Վայոց ձորում տուրիզմի հնարավորություններին և իրենց փաթեթները դարձնել ավելի բազմազան և գրավիչ` դրանցում ընդգրկելով նաև Վայոց ձորի գյուղական բնակավայրերը:
Հաջորդ օրը հյուրերը Վայքի Տուրիզմի կենտրոնում տեղական պաշտոնյաների հետ հնարավորություն ունեցան քննարկելու այլընտրանքային տուրիզմի զարգացման հնարավորություններն ու հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում: Քննարկմանը մասնակցում էր և կարևոր առաջարկներով ու դիտողություններով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Քննարկման արդյունքում մասնակցիները կազմեցին մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարևոր կլինեն Վայոց ձորում զբոսաշրջության հետագա զարգացման համար: