Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոցձորցի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի մենահամերգը` Եղեգնաձորում
15.11.2012
Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ներկայությամբ Եղեգնաձորի մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի երկրորդ մենահամերգը: Արթուրի մենահամերգները նախաձեռնել ու իրականացրել է Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը:
Երիտասարդ երգչին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն, Արթուրի երգի առաջին ուսուցիչ Ֆիլիպ Բալոյանը:
Արթուր Կարապետյանը ծնունդով Վայոց ձորի մարզի Ագարակաձ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և Եղեգնաձորի երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որից հետո ծառայել է Հայաստանի Հանրապետոթյան պաշտպանության նախարարության Սպայի տան <Զորական> երգի համույթում: Ծառայության ընթացքում Արթուրը մասնակցել է «Վիվատ Պոբեդա» խորագրով զինվորական երգի ամենամյա փառատոնին և արժանացել Գրան պրի մրցանակի, ինչի համար նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով:
Համերգային ծրագրում ընդգրկված էին դասական, էստրադային, ժողովրդական և ազգագրական երգեր:
Արթուրին աջակցելու և ողջունելու էին եկել նրա ընկերները, համակուրսեցիները և ծառայակից ընկերները:
Համերգի ընթացքում տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանի հովանավորությամբ Արթուրի համար գրված առաջին երգի պրեմերան, որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
Բեմական երկարատև ու բեղմնավոր ուղի մաղթենք երիտասարդ երգչին, իսկ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնին` նորանոր բազմաթիվ ու նազմաբնույթ ձեռնարկումներ: