Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը դասախոսությամբ հանդես է եկել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում
06.11.2012
Նոյեմբերի 2-4-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2012-2013 ուս.տարվա առաջին սեմինարը, որի թեման էր Եվրոպական ինտեգրացիան:
Զեկույցներով հանդես են եկել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Զեկույցների ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցել հարցադրումներ ներկայացնել բանախոսներին և ծավալվել է արդյունավետ քննարկում:
Սեմինարին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Դասախոսության թեման` «Տեղական ինքնակառավարումը և ժողովրդավարությունը»: Ներկայացնելով Հայաստանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, մարզպետը կանգ է առել արդյունավետ կառավարում իրականացնելու հիմնական խոչընդոտների վրա՝ որպես անհրաժեշտություն նշելով Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման՝ ՀՀ կառավարության ծրագրի կենսագործումը:
Նշված ծրագրի ներդրմամբ հնարավորություններ կստեղծվեն համայնքների զարգացման, համայնքային նշանակության խնդիրների արդյունավետ լուծման, ծառայությունների հասցեական մատուցման համար: Տեղական ինքնակառավարությունը Հայաստանի Հանրապատությունում կդառնա առավել նպատակային և արդյունավետ: Խոսվեց սահմանամերձ համայնքների պահպանման և զարգացման հրամայականի մասին, նշվեց այս հիմնախնդրի լուծման համար համայնքների հանդեպ ՀՀ կառավարության տարբերակված մոտեցման անհրաժեշտության և կիրառման հնարավոր գործիքակազմերի մասին՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ կարգադրական-գերատեսչական մակարդակներում:
Նշենք, որ մարզպետ Է.Ղազարյանը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2007 թվականի շրջանավարտ է, սակայն արդեն քանի տարի է որպես փորձագետ ընդգրկված է դպրոցի դասախոսական կազմում և մշտապես հանդես է գալիս դասախոսություններով: Սեմինարին որպես շրջանավարտ մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: