Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում` Վայոց ձորի մարզետարանում

23.10.2012


Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի տեղակալ, բնապահպանության հարցերի պատասխանատու Մարատ Ներսիսյանը:
Հանդիպումը նվիրված էր <Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում> ՄԱԶԾ/ԳԷՀ միջին ծավալի ծրագրի շրջանակներում <Գնիշիկ> պահպանվող տարածքի ստեղծման հետ կապված խնդիրների քննարկմանը:

Հարցը ներկայացնում էին <Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում> ՄԱԶԾ/ԳԷՖ միջին ծավալի ծրագրի պատասխանատուները. ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը, WWF-Հայաստան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, Ծրագրի բաղադրիչի ղեկավար Կարեն Մանվելյանը, ՄԱԿ–ի Զարգացման Ծրագրի բնապահպանական քաղաքականության գծով խորհրդատու Գեորգի Արզումանյանը:

Ծրագիրը գործում է 2010 թվականից` ՀՀ կառավարության /ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության/ և ՄԱԶԾ միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Ծրագրի նպատակն է` պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը: Ծրագրի խնդիրն է` նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնմանը, ապահովել համայնքների ներգրավվածությունը նրանց կառավարմանը:
Բանախոսները ներկայացրեցին ծրագրի նպատակնեըն ու խնդիրները, մասնավորապես Վայոց ձորի մարզում <Գնիշիկ> համայնքային կառավարմամբ պահպանվող տարածքի ստեղծման վերաբերյալ, որի աշխարհագրությունն ընդգրկում է մարզի Ագարակաձոր, Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքների հազվագյուտ կենսաբազմազանությամբ հարուստ հողատարածքները: Ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանրային լսումներ համայնքներում` տեղի բնակչության, համայնքների ղեկավարների և ավագանու հետ, գծագրվել է նախատեսվող <Գնիշիկ> պահպանվող տարածքի նախնական քարտեզը: Մշակվել է <Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագիծը, կատարվել են փոփոխություններ առնչվող մի շարք օրենքներում և օրենսգրքերում, որոնք կխթանեն պահպանվող տարածքների կայուն կառավարումը, այդ թվում համայնքների կողմից:
Քննարկվեցին պահպանվող տարածքի ստեղծման իրավական խնդիրները: Մարզի ղեկավարությանն առանձնապես հետաքրքրում էր նշված համայնքային ենթակայության տարածքների հողերի կատեգորիայի փոփոխման խնդիրները:
ՄԱԶԾ/ԳԷՖ Ծրագրի պատասխանատուները հավաստեցին, որ համայնքային կառավարմամբ <Գնիշիկ> պահպանվող տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաների փոփոխություն չի լինելու և հավելեցին, որ <Գնիշիկ> պահպանվող տարածքը ղեկավարվելու է համայնքների ավագանիների կողմից ստեղծված հիմնադրամի միջոցով: Ծրագիըը կաջակցի հիմնադրամի կանոնադրության նախապատրաստման աշխատանքներին: Շուտով կներկայացվի նաև պահպանվող տարածքի կառավարման գլխավոր փաստաթուղթը` կառավարման պլանը: Նախատեսվող <Գնիշիկ> արգելավայրը ոչ մի կերպ չի խոչընդոտի համայնքների բնակիչների առօրյա գյուղատնտեսական և քաղաքաշինական գործունեությանը: Բացի այդ, պահպանվող տարածքում ընդգրկված տարածքները հիմնականում ժայռային տարածքներ են, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում: Տեղի բնակչության լիարժեք ներգրավվածությունը պահպանվող տարածքի կառավարման որոշումների կայացման գործում նրանց հնարավորություն կտա ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ (օրգանական գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն): Բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծումը կապահովի տարածքի միջազգային ճանաչումը և կխթանի կենսաբազմազանության և լանդշաֆտի պահպանության ծրագրեր:
Ելնելով նշված փաստարկումներից` մարզպետն ասաց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, որը կնպաստի մարզում որսագողության վերացմանը, միաժամակ չի խոչընդոտի համայնքների բնականոն գյուղատնտեսական և քաղաքաշինական աշխատանքներին: Մարզպետը նշեց, որ համայնքներում Ծրագրի հետագա գործունեության սահուն ընթացքն ապահովելու նպատակով կհրավիրի համայնքների ղեկավարների և ավագանու նիստ, կկազմակերպվեն հանրային լսումներ` մեկ անգամ ևս քննարկելու և արդյունքներին ծանոթանալու համար: Մարզպետը միաժամանակ նշեց, որ կաջակցի Ծրագրին` համայնքների ավագանիների կողմից համապատասխան որոշումներ կայացնելու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15