Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն

02.10.2012

Հոկտեմբերի 1-ին Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում պաշտոնապես նշվել է Զբոսաշրջության միջազգային օրը: Հանդիսությունը կազմակերպել էին ՀՀ էկոնոմիկային նախարարությունը: Ներկա էին պետական կառույցների ներկայացուցիչներ, զբոսաշրջային ընկերություններ, գործակալություններ, միջազգային կազմակերպություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտին: Կարևորելով այն որպես ՀՀ կառավարության գործունեության առաջնային ուղղություններից մեկը, նախարարը նշել է, որ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտը էական աճ է արձանագրել: Նրա դիտարկմամբ, պետական և մասնավոր սեկտորների ակտիվ համագործակցությամբ հնարավոր է կյանքի կոչել բազմաթիվ ու բազմապիսի ծրագրեր:
Ելույթներով հանդես են եկել ոլորտը համակարգող գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից: Միջոցառման մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Ներկաներն ուրախությամբ տեղեկացան, որ աշնանը Երևանում տեղի կունենա նախադեպը չունեցող միջազգային զբոսաշրջային կոնֆերանս, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձիք ամբողջ աշխարհից՝ ԶՀԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ:
Միջոցառման ժամանակ ոլորտի զարգացման համար հանձնվել են մրցանակներ: ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են ռուսահայ գործարար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Հայաստանում «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալներ են շնորհվել <Անի Տուր> տուրիստական գործակալությանը և Հովհ. Շիրազի թանգարանի էքսկուրսավար Նարինե Խաչատրյանին: Զբոսաշրջության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ:
Հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը և ներկայացրել Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
ՀՀ Վայոց ձորի մարզը, չնայած փոքր չափերի, ունի զբոսաշրջության զարգացման մեծ ռեսուրս: Մարզում են տեղակայված 13-րդ դարում կառուցված Նորավանք վանական համալիրը (այն ներկայացված է ընդգրկման ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում), չորս տասնյակի հասնող վանքեր, եկեղեցիներ, միջնադարյան ամրոցներ:
Մարզում են գտնվում գիտական մեծ կարևորություն ունեցող և զբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն ներկայացնող հնագիտական մի քանի հուշարձաններ, որոնցից է աշխարհի ամենահին՝ ավելի քան 6000 տարվա վաղեմության գինեգործական համալիրը Արենիի քարանձավը, Մոզրովի քարանձավը`բնական կրաքարային շթաքարերով, նեոլիթյան ժամանակաշրջանի Մագիլի քարանձավը և այլն: Վայոց ձորում է գտնվում միջնադարյան Հայաստանի նշանավոր համալսարաններից մեկը՝ Գլաձորի համալսարանը:
Մարզն իր գեղատեսիլ բնությամբ, արագահոս գետերով ու գեղեցիկ ջրվեժներով մշտապես գրավել է զբոսաշրջիկներին, լեռնային և ժայռոտ լանդշավտը մեծ ապագա է խոստանում էքստեմալ տուրիզմի զարգացման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42