Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծարման երեկո` Եղեգնաձորում
02.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն Ֆիլիպ Բալոյանի ծննդյան 60-րդ տարեդարձին նվիրված մեծարման երեկոն:
Երեկոյի ընթացում հնչեցին հիմնականում դասական կատարումներ հոբելյարի և իր սաների ներկայացմամբ, ինչպես նաև պարային կատարումներ Վայքի մանկական ստեղծագործական կենտրոնի <Անուրջներ> համույթի սաների ներկայացմամբ: Իրենց ողջույնի ելույթներում ՀԿԿ Եղեգնաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Մելանյա Դովլաթյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը խոսեցին հոբելյարի անցած բեղմնավոր ուղու, մշակութային ակտիվ գործունեության ու մարդկային բարձր արժանիքների մասին և մաղթեցին երկարատև ստեղծագործական կյանք ու աշխատանքային հաջողություններ:
Հանդիսավոր երեկոյի ավարտին մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց Ֆիլիպ Բալոյանին, նրան հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը, որին նա արժանացել է մանուկների մշակութային կրթության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի առիթով:
Մարզպետը հոբելյարին շնորհավորեց երաժշտական կատարումով նաև:
Նշենք, որ երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը: