Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ
02.09.2012
Մեծարգո պարոն Նախագահ
Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Արդեն 21 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը բռնել է անկախության ու ժողովրդավարության ուղին: Այդ ուղին եղել է բարդ ու դժվարին` պարտադրված պատերազմ և ածանցյալ բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարություններ:
Սակայն օրհասական պահին, Արցախի ժողովուրդն իր թիկունքին ունենալով աշխարհասփյուռ ողջ հայության հոգևոր և նյութական օժանդակությունը, արժանապատվորեն ազատագրեց իր պատմական բնօրրանը` տեր կանգնելով ազգային ու հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին:
Մեր խոնարհումն ենք բերում բոլոր այն քաջորդիներին հիշատակի առջև, ովքեր նահատակվեցին հանուն Արցախի Ազատագրության և ժողովրդի խաղաղության:
Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ հայկական երկրորդ Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ` Արցախին հարատև խաղաղություն, Ձեզ` ամուր առողջություն, նվիրական նպատակների իրականացում և արդյունավետ աշխատանք` ի զորացումն Արցախի Հանրապետության, ի բարօրություն Արցախի ժողովրդի: