Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին անասնաբուժության բնագավառի խնդիրները
30.08.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզի տարածքում անասնաբուժության բնագավառի իրավիճակային խնդիրներին, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետերը, մարզի համայնքների անասնաբույժները:
Մարզպետը ներկայացրեց կենդանիների գրանցման, համարակալման և նույնականացման համակարգի ներդրման անհրաժեշտությունը և ծրագրի խնդիրներն ու նպատակները, նշելով, որ այն ուղղված է անասնաբուժական հսկողության, անասնահամաճարակային և սննդամթերքի անվտանգության ապահովման պայմանների բարելավմանը:
Քննարկվեցին պիլոտային ծրագրի կազմակերպման հնարավորություններն ու իրականացման ուղիները: Անասնաբույժներին հետաքրքրում էր ծրագրի իրականացման համար աշխատանքային պայմանների հարցերը` ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:
Ամփոփելով խորհրդակցությունը մարզպետն ասաց, որ նշված աշխատանքները կատարելու համար անասնաբույժները կստանան հավելյալ վարձատրություն և նշեց, որ անհրաժեշտ է ու ցանկալի, որպեսզի գյուղատնտեսության և անասնապահության բնագավառի գործունեությունը ձգտենք հասցնել միջազգային փորձի չափանիշերին, որի համար իհարկե երկար ժամանակ է պահանջվում: Սակայն նշված ծրագրի իրականացումը կդառնա այդ նպատակին հասնելու առաջին քայլերից մեկը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզի անասնաբույժներին իրենց կատարած դժվարին աշխատանքի համար և նրանց մաղթեց արդյունավետ գործունեություն: