Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը շինարարի օրվա կապակցությամբ
12.08.2012
Հարգելի շինարարներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ: Մասնագիտությունը, որն ընտրել եք Դուք, ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովրդի նկարագրին: Դուք եք կոչված կերտելու մնայուն արժեքներ, որոնք ծառայում մեր ժողովրդին դարեր շարունակ: Ձեր կոչման տեր մարդիկ են կառուցել այն անգնահատելի հուշարձանները, որով մենք այսօր հպարտությամբ ներկայանում ենք աշխարհին: Մինչ մենք օտարներին կներկայանանք մեր արվեստի և գրականության գլուխգործոցներով` առաջին տեսանելի արժեքը, որով հնարավոր է պատկերացում կազմել մեր ժողովրդի կյանքի, կենցաղի, ճաշակի և մշակույթի մասին մեր քաղաքներն ու գյուղերն են, շենքերն ու շինությունները, որոնք ստեղծվում են ճարտարապետների մտքով և շինարարների բազուկներով:
Երջանիկ են այն առաջնորդները, որոնց ժողովուրդը «շինարար» է որակում: Այսօր էլ մեր կառավարության կողմից հատկացվող միջոցներով մենք կառուցում և հիմնանորոգում ենք մեր կրթական, մարզական, մշակութային հաստատությունները, կառուցում և վերանորոգում ենք ճանապարհներ, անցկացնում ջրագծեր և գազաֆիկացնում բնակավայրեր: Այդ ամենն արվում է Ձեր ձեռքերով, Ձեր աշխատանքի արդյունքում: Մաղթում եմ Ձեզ, որ մշտապես արժանանաք ժողովրդի շնորհակալանքին և օրհնության խոսքերին, որ միշտ լինեք ծանրաբեռնված աշխատանքով, որ Ձեր շարքերը տարեցտարի համալրեք նոր գործընկերներով` բարձր պահելով «Հայ շինարարի» պատվաբեր կոչումը:
Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամենայն բարիք և հաջողություններ:
Հարգանքով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ
ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ