Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում քննարկվել է առողջապահական համակարգի արդիականացման հարցը

11.08.2012

ՀՀ Վայոց ձոր կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդգար Ղազարյանի և մարզի մյուս ղեկավարների հետ քննարկել է մարզի առողջապահության համակարգի կառուցվածքը, մասնագիտական ծառայությունների բաշխվածության, կադրերով և սարքավորումներով հագեցվածության վիճակը և աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները:
«Մարզի բուժհաստատությունների ներկա վիճակը` թե շենքային հարմարություններով ու հագեցվածությամբ, թե կառավարման տեսակետից, այսօր չեն կարող բավարարել: Մեր առջև խնդիր է ծառացել ստեղծել այնպիսի կառույց, որ ողջ մարզի համար համաչափ աշխատի»,-ասել է առողջապահության նախարարը:
Մարզպետն էլ իր հերթին պարտավորվել է, որ իրենք լուրջ աշխատանքներ կտանեն կառավարման բարելավման ուղղությամբ, իսկ ծրագրային և տեխնիկական հագեցվածության առումով ակնկալում են առողջապահության նախարարության աջակցությունը:
Դերենիկ Դումանյանը նշել է, որ մարզային այցերից կարծիք է ձևավորվել, որ առկա խնդիրների մի զգալի մասն ընդհանուր է բոլոր մարզերի համար: Նախարարը տեղեկացրել է, որ այցերի արդյունքում արդեն այդ խնդիրների լուծման նպատակով որոշումներ են կայացվել, որոնք ֆինանսական հավելյալ հոսքեր են ուղղել դեպի մարզեր:
Մարզպետարանում քննարկվել է բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ծանրաբեռնվածության, Վայքի և Եղեգնաձորի բուժհաստատություններում ծառայությունների կրկնությունների, առողջապահական հիմնական ցուցանիշների, ինչպես նաև բուժաշխատողների աշխատավարձերի վրա դրանց բացասական ազդեցության հարցը: Խնդիրներ, որոնք սահմանափակում են բուժհաստատությունների զարգացման հնարավորությունները:
Խոսելով մարզից ծնունդների անհիմն արտահոսքի մասին (2011 թվականին մարզում հաշվառված 836 հղիից 270-ը ծննդաբերել է մարզից դուրս, հիմնականում` Երևանում)` նախարարը, որպես խնդրի լուծման ճանապարհ, ներկայացրել է կանանց կոնսուլտացիաների և ծննդատների մանկաբարձ-գինեկոլոգների գործունեության ռոտացիոն սկզբունքի ներդրումը: Սրա նպատակն այն է, որ հղիությունը վարող, հղիության ողջ ընթացքին ծանոթ մասնագետն ինքն էլ ընդունի ծնունդը: Դրա համար կարևոր նախապայման է, որ ծննդատները և կանանց կոնսուլտացիաները միևնույն կառուցվածքում լինեն:
Դերենիկ Դումանյանը նշել է, որ միայն լավ հագեցած նորակառույց հիվանդանոցները բավարար չեն մարզի առողջապահական խնդիրները պատշաճ լուծելու համար: Անհրաժեշտ է պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները ճիշտ կառավարել, ինչպես նաև բուժհաստատությունները համալրել անհրաժեշտ մասնագետներով:
Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բուժհաստատություններ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել բուժաշխատողների և բուժվող հիվանդների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42