Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաժեշտի խարույկ` <Սիրանույշ> ճամբարում

02.08.2012


Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում, գեղատեսիլ բնության մի գողտրիկ անկյունում, անտառի եզրին է գտնվում <Սիրանույշ> ճամբարը, ուր տարիներ շարունակ իրենց հանգիստն են անցկացրել ՀՀ տարբեր մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների, Արցախյան ազատամարտի մասնակիցների և զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաները: Սակայն ճամբարի առաքելությունը դրանով չի սահմանափակվել, քանզի տարբեր հերթափոխում ճամբարում հանգստացել են ՀՀ այլ տարածքներից և արտերկրից հայրենիքում գտնվող բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ ու երիտասարդներ:
Հուլիս ամսին` ի թիվս ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերից ժամանած այլ ճամբարականների, <Սիրանույշում> իրենց հանգիստն էին անցկացնում Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի 6 դպրոցահասակ երեխաներ, ովքեր ճամբարում էին գտնվում ՀՀ Վայոց ձորի մարզի և ԱՀ Քաշաթաղի շրջանի փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում:
Օգոստոսի 1-ին ճամբարում տեղի ունեցավ հրաժեշտի խարույկ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի վարիչ Էդուարդ Չուխաջյանը, կրթության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Սահակյանը:
Խարույկից առաջ ճամբարականների ուժերով ներկայացվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա` Գևորգ Էմինի <Հավերժի ճամփորդը> ստեղծագործության հիման վրա: Խարույկը վառելու պատիվը վերապահվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, իսկ խարույկի շուրջ իշխում էր անկեղծ տրամադրությունը, հնչում էին շնորհակալանքի և հեռանալու ափսոսանքի խոսքեր, թևածում էր ուրախ երգն ու պարը:
Երեխաները ճամբարից հեռացան իրենց հետ տանելով անմոռաց հուշեր, գեղեցիկ տպավորություններ ու կրկին վերադարձի սպասումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42