Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություն են ներկայացնում ԵՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները
19.07.2012
Այսօր Եղեգնաձոր քաղաքում փոքրիկ տոն էր: Եղեգնաձորի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը (ԵՆԿ) և Եղեգնաձորի քաղաքապետարանը համայնքի բնակիչներին հրավիրել էին Մոմիկի անվան քաղաքային զբոսայգի` մասնակցելու փոքրիկ միջոցառման: Միջոցառումը կազմակերպվել էր` խորհրդանշելու ԵՆԿ-ի` այգու բարեկարգման ծրագրի ավարտը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, ովքեր ծրագրի առաջին օրերից իրենց աջակցությունն են ցուցաբերել երիտասարդներին: Նրանք իրենց ողջույնի խոսքն ուղղեցին հյուրերին` հույս հայտնելով, որ ՏԻՄ-երի և համայնքի երիտասարդների համագործակցությամբ նմանատիպ ծրագրերի իրագործումը բարի ավանդույթ կդառնա Եղեգնաձորում:
Հիշեցնենք, որ ԵՆԿ ստեղծվել է <Ուրբան> կայուն զարգացման հիմնադրամի <Ձեռք ձեռքի` հզորացնելով Եղեգնաձորի երիտասարդությանը> ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր վերապատրաստել համայնքի երիտասարդներին և նրանց տալ համապատասխան գիտելիքներ, որոնք կարելի է կիրառել ՏԻՄ-երի հետ համագործակցելիս և համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելիս: Նշված ծրագրին մեծ աջակցություն են ցուցաբերել Եղեգնաձորի քաղաքապետարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:
Այգու բարեկարգումը ծրագրի արդյունքում ձևավորված Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի առաջին քայլն էր: Համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքային զբոսայգին արդեն լուսավորվել է, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում տեղադրվել են նաև հատուկ աղբամաններ պլաստիկ շշերի համար:
Հուսանք, որ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերը կլինեն շարունակական, նպատակ ունենալով` ավելի բարետես դարձնել մարզկենտրոն Եղեգնաձորը:
Միջոցառման մասնակիցների առջև համերգային ծրագրով հանդես եկան Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի երգի ստուդիայի և <Բողբոջ> պարային համույթի սաները: