Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կանանց <Գրան պրի> շախմատի միջազգային մրցաշարի բացմանը

17.07.2012


ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը կանանց <Գրան պրի> շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ և <Արմենիա> առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող կանանց <Գրան պրի>  շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, մրցաշարին աշխարհի յոթ երկրից մասնակցող 12 ուժեղագույն շախմատիստուհիներին և հյուրերին, գեղեցիկ խաղ և հաջողություն մաղթել մրցաշարին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ շախմատի նկատմամբ մեծ սերը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը, և այն լայն ճանաչում է բերել Հայաստանին ողջ աշխարհում: Սերժ Սարգսյանի խոսքով, դա իրոք, հպարտանալու առարկա է, որովհետև այդ ճանաչումը մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի արդյունքն է, և այն ձեռք է բերվել հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: <Մենք այսօր բացում ենք մի մրցաշար, որը կարող է պատիվ բերել աշխարհի ցանկացած երկրի: Ես վստահ եմ, որ այն դառնալու է տոն ոչ միայն Հայաստանի շախմատային հանրության, այլ նաև աշխարհի ողջ շախմատասերների համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին՝ արդյունավետ և լավ համագործակցության համար: Այսպիսի համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դառնում անցկացնել շախմատային մեծ մրցաշարեր: Մենք գոհ ենք համագործակցության մակարդակից և ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում շախմատը լայն տարածում գտնի>,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ տոնի մասնակիցներին, վստահաբար, Ջերմուկում հավաքել է սերը շախմատի նկատմամբ:

<Հանուն այս գեղեցիկ խաղի մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այն զարգանա և տարածվի աշխարհով մեկ, մենք էլ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, հպարտանանք ինչպես մեր, այնպես էլ՝ աշխարհի առաջնակարգ բոլոր շախմատիստներով>,-ողջույնի խոսքում նշել է Հանրապետության ղեկավարը:

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և մրցաշարի հյուրերի հետ դիտել է նաև <Հայ Արտ> մշակութային կենտրոնի կողմից մրցաշարի առիթով կազմակերպված <Շախմատային Հայաստան> ցուցահանդեսը, ծանոթացել ժամանակակից հայ նկարիչների շախմատային թեմայով աշխատանքներին:

                                                                                                    Աղբյուրը`President.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42