Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախագահը Ծաղկաձորում դիտել է <Լավագույն մարզական ընտանիք-2012> մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները
14.07.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <Լավագույն մարզական ընտանիք-2012> ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:
Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:
Նախագահը շնորհավորել է <Լավագույն մարզական ընտանիք-2012> մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, մրցույթն ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել՝ տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը:
Սերժ Սարգսյանի խոսքով, մրցումներին մասնակցող ընտանիքների համար սպորտը առողջության պահպանմանը նպաստելուց բացի, նպաստում է նաև ընտանեկան համերաշխությանը: <Չեմ պատկերացնում անհամերաշխ ընտանիք, որ կարողանա մասնակցել այս մրցումներին և առավել ևս՝ հաղթանակ տանել: Ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարելու մեր կյանքում եղած դժվարությունները, օգնում է ավելի քիչ դժգոհելու և, ընդհանրապես, ավելի լավատես լինելու: Իսկ համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության անհրաժեշտ և բաղկացուցիչ մասն է>,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, հաղթանակը մեծ է, թե փոքր՝ այն թանկ է, հատկապես, եթե ձեռք է բերվում ազնիվ պայքարում:
Հանրապետության ղեկավարը հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:
Նախագահի կողմից <Լավագույն մարզական ընտանիք-2012> մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգևատրվել են նաև մարզահագուստներով և հուշանվերներով:
Աղբյուրը` Prezident.am
Այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացած ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք-2012> ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին ՀՀ մարզպետների հետ ներկա է եղել նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք-2012> մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին Վայոց ձորի մարզից մասնակցել են ինը ընտանիքներ: