Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

22.06.2012

 Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին և մարզի ակտիվին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին:
Պարոն Գևորգյանը նշեց, որ համոզված է, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են Էդգար Ղազարյանին, քանզի նա մարզում գործունեություն է ծավալել և տնտեսության մասնավոր ոլորտում, և պետական կառավարման համակարգում: Ու որտեղ էլ որ աշխատել է, վայելել է ինչպես աշխատանքային ընկերների, նմանապես և շրջապատի հարգանքն ու վստահությունը: Փոխվարչապետը նշեց, որ նորանշանակ մարզպետն իր աշխատանքային գործունեությունն սկսել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից և, թե տեսականորեն, թե գործնականում լավագույնս տիրապետում է տարածքային կառավարման ոլորտի համակարգային խնդիրների լուծման մեթոդներին: Փոխվարչապետը նշեց նաև, որ ուրախալի է այն փաստը, որ մարզպետը երիտասարդ ու խոստումնալից անձնավորություն է և մարզպետի պաշտոնը նա ստանձնում է, թողնելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախորդ մարզպետ պարոն Բագրատյանին, անցած երկու տարիներին նրա կատարած աշխատանքի համար, և նշեց, որ պարոն Բագրատյանը Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հեռանում է ՀՀ
ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի արդյունքում:
Այնուհետև նախկին մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց նորանշանակ մարզպետին, ցանկալով արդյունավետ աշխատանք:
Նորանշանակ մարզպետն իր խոսքի սկզբում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և կառավարությանը իրեն այդ պատասխանատու պաշտոնը վստահելու համար և ՀՀԿ գործադիր մարմնին` նշված պաշտոնում իր թեկնածությունն առաջադելու համար: Նա շնորհակալանքով խոսեց այն փաստի մասին, որ փոխվարչապետն իր բազմազբաղ աշխատանքային առօրյայի մեջ ժամանակ գտավ և այցելեց մարզ: Մարզպետը ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղությունները և շնորհակալություն հայտնեց դահլիճում գտնվող ապագա գործընկերներին: Նա նշեց, որ հետագա արդյունավետ համագործակցությունն ուղղված է լինելու ի շահ Վայոց ձորի մարզի և ի բարօրության մարզի բնակչության:
Ամփոփելով հանդիպումը, փոխվարչապետը հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին և վստահություն հայտնեց, որ նա իր կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների շնորհիվ կկարողանա ղեկավարել մարզը և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում ցանկալի արդյունքներ կարձանագրվեն:

Նորանշանակ մարզպետի ուղեկցությամբ փոխվարչապետն այնուհետեւ Եղեգնաձորից մեկնեց Ջերմուկ, ծանոթացավ այն բազմաբնակարան շենքերի վիճակին, որոնց տանիքների վերանորոգումը նախատեսվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացված շուրջ 40 մլն դրամով: Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն կմեկնարկեն առաջիկա օրերին:

Տեղում քննարկվեցին նաեւ Ջերմուկի հիմնական կամրջի վերանորոգմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ "Կամուրջշին" ընկերությունը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաթեթը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37