Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

11.04.2012

<Քրիստոս հարյավ ի մեռելոց> ավետիսով այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին կամ ինչպես հայերիս մոտ է կոչվում`  Զատկի տոնին նվիրված իրենց կազմակերպած միջոցառումն սկսեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դասվարներ Գայանե Աբրահամյանը և Մարգարիտա Մխիթարյանը: Իսկ միջոցառման մասնակից աշակերտները պատասխանեցին` <Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի>: <Մեզ և Ձեզ մեծ ավետիս>, - միմյանց շնորհավորեցին բոլոր ներկաները:
Զատկի տոնը նշվեց մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված կարգի համաձայն սեղաններն առատ էին`չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, տարբեր ըմպելիքներով և կարմիր գինով, որոնցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի: Պակաս չէր նաև տոնին նվիրված ոտանավորների, երգերի կատարումները, որոնցով ներկաներին մեծ բավականություն պատճառեցին առատ սեղանների շուրջ նստած երեխաները: Ազգային պարզգեստներով հայկական պարերի կատարումներն ավելի մեծ շուք էին հաղորդում միջոցառմանը և ամբողջական դարձնում տոնի մասին աշակերտների հաղորդած տեղեկությունները:
Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ:
Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, <…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…>:

Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:
Երեխաները բազում զարդանախշերով ձևավորած ձվերի կողքին շարել էին կարմիր գույնով ներկած ձվեր, քանզի Զատկի տոնին հավատացյալները ձուն ներկում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Իսկ ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ` ձվի դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է:
Միջոցառման ավարտին մասնակիցներին ողջունեցին և շնորհակալանքի խոսք ասացին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Վազգեն Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը:
Քահանայի օրհնությունից հետո ներկաները ճաշակեցին զատկային ուտեստները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37