Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վայոց ձորի մարզ

03.04.2012

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի մարզում:
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում փոխմարզպետը ողջունեց նախարարին` Վայոց ձորի մարզ կատարած այցի կապակցությամբ: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյանը ներկայացրեց մարզում, գյուղատնտեսության ոլորտում, նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքները:
Նախարարն իր ելույթում ներկայացրեց 2011թ.-ի աշխատանքները և 2012թ. ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են գյուղացու հոգսը թեթևացնելու, եկամուտներն ավելացնելու և նախորդ տարվա աշխատանքների շարունակականությունն ապահովելու գործընթացներին:
2011թ. ՀՀ նախագահը գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ, ինչի արդյունքում այս ոլորտում դրական տեղաշարժեր են եղել և առաջընթաց է գրանցվել:
Նախարարը խոսեց ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագերի մասին և նշեց, որ գարու ու ցորենի էլիտար սորտեր են տրամադրվել այն գյուղացիական տնտեսություններին, որոնք զբաղվում են սերմնաբուծությամբ: Ընդհանուր առմամբ 2011 թվականի ընթացքում հանրապետությունում 2010 թվականի համեմատությամբ արտադրվել է 90.000 տոննա  ավելի հացահատիկային մշակաբույս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:
Նախարարը նշեց նաև 2011թ. ընթացքում ցածր տոկոսով տրամադրված գյուղատնտեսական վարկերի մասին: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմել է 14 տոկոս, որից 4-ը սուբսիդավորվել է պետության կողմից, իսկ շուրջ 225 անապահով համայքների համար սուբսիդավորման չափը կազմել է 6 տոկոս: Նախորդ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 17.5 մլրդ դրամի չափով վարկեր: Սերգո Կարապետյանը հավելեց, որ նշված ծրագիրը շարունակվում է այս տարի ևս և ս/թ ապրիլի 1-ից մեկնարկել է վարկերի տրամադրման գործընթացը:
Սերգո Կարապետյանը խոսեց գյուղացիներին մատչելի գներով տրամադրվող դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի տրամադրման ծրագրերի մասին, նշեց, որ բաշխման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են:
Նախարարը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում անասնապահության ոլորտում գրեթե բոլոր ուղղություններով առաջընթաց է գրանցվել, բացի ձվի արտադրությունից: Այստեղ հիվանդության պատճառով արտադրության անկում է նկատվել: Այս կապակցությամբ նախարարը տեղեկացրեց, որ 2012թ. պետական միջոցների հաշվին 8 վտանգավոր հիվանդությունների գծով իրականացվելու է կենդանիների պատվաստում, ինչպես նաև 2 վտանգավոր հիվանդությունների ախտորոշում:
Անասնապահության ոլորտում կիրականացվի արհեստական սերմնավորման պետական ծրագիրը՝ անասնագլխաքանակի ավելացման նպատակով:

Նախարարն իր խոսքում կարևորեց նաև գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման աշխատանքերը և նշեց, որ նախորդ տարիների ընթացքում հանրապետություն է ներկրվել չնչին քանակությամբ գյուղտեխնիկա, իսկ եղած հնամաշ է տեխնիկայի վերանորոգման համար մեծ գումարներ են հարկավոր: Վերոնշյալ խնդիրը կարգավորելու նպատակով բանակցություններ են վարվում բելառուսական <Բելագրոլիզինգ> և ռուսական <Ռուսագրոլիզինգ> ընկերությունների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի` լիզինգային եղանակով գյուղ.տեխնիկա ձեռքբերելու համար:
Նախարարը խոսեց նաև համայնքներում կոոպերատիվների ստեղծման մասին, նշեց, որ սեփականաշնորհման գործընթացից հետո բոլոր համայնքներում առկա են կտրատված հողակտորներ, որոնց մշակման ծախսերը բավականին շատ են:
Նախարարը նշեց, որ հանրապետության տարածքում ստեղծվել են մոտ 50 կոոպերատիվներ և հորդորեց ջանք չխնայելՎայոց ձորի մարզում այս գործընթացը ճիշտ կազմակերպելու և կոոպերատիվների թիվը ավելացնելու ուղղությամբ:
Նախարարը խոսեց նաև <Հայկական միրգ> ծրագրի մասին, որն իրականցվելու է Վայոց ձորի, Արագածոտնի և Տավուշի մարզերում:
Ս. Կարապետյանը նշեց, որ հանրապետությունում պտղաբուծությունը բավականին զարգացած է, սակայն մշակման տեխնոլոգիաները` հնացած: Նախարարը տեղեկացրեց, որ հիմվելու են ծիրանի, դեղձի և սալորի այգիներ, որոնց մշակման ժամանակ ներդրվելու է կաթիլայիին ոռոգում: Անդրադառնալով գյուղ.արտադրանքի մթերման գործընթացին, նախարարը նշեց, որ հանրապետության տարածքում կարգավորվել են կաթի և խաղողի մթերման աշխատանքերը: Եթե նախորդ տարիներին կաթը մթերվեում էր 80 դրամով, ապա հիմա գյուղացին կաթը հանձնում է 150 դրամից ոչ պակաս: Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, այստեղ ևս գյուղացու համար բարենպաստ պայմաններ են ստեղծված, խաղողը մթերվում է 130 դրամով:
Իր խոսքում նախարարը կարևորեց նաև մարզերում գործող Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների դերն ու նշանակությունը և նշեց, որ այս կենտրոնները պետք է ավելի ակտիվ գործունեության իրականացնեն և զարգացնեն տրամադրվող խորհրդատվության որակն ու ծավալը:
Ավարտելով իր խոսքը ՀՀ նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը գնտվում է ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում և որ նա մտահոգված է գյուղացու վիճակով և հանրապետության գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակով:
Վերջում համայնքների ղեկավարները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց նախարարը տվեց սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37