Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մանկական նկարների ցուցահանդես` Եղեգնաձորում
20.03.2012
Հայաստանի պետական պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում մարտի 19 բացվեց <<Մեծ նկարիչների հետքերով>> մանկական նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի մասնակիցները՝ Եղեգնաձոր քաղաքի երեք դպրոցների՝ միջին դասարանների այն աշակերտներն էին, ովքեր արտանկարել էին պատկերասրահի հիմնական ցուցադրության կտավները: Աշակերտների վրձնած շուրջ երկու տասնյակ լավագույն աշխատանքները տեղ էին գտել պատկերասրահի նախասրահում բացված ցուցահանդեսում: Մասնակից աշակերտները խրախուսվեցին նկարչական պարագաներով և պատվոգրերով:
Ցուցահանդեսին մասնակցում էին <Փոքրիկ նկարիչները>, նրանց ուսուցիչները, Եղեգնաձորի մշակութային հասարակայնության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը հովանավորել էր Արմեն Հարությունյանը: Միջոցառումը կազմակերպել էր պատկերասրահի երիտասարդ աշխատակից Քնարիկ Բաբախանյանը: Ինչպես նշեցին պատկերասրահի աշխատակիցները, ցուցահանդեսի նպատակը պատկերասրահի հետ երեխաների կապի ապահովումն է և կերպարվեստի նկատմամբ աշակերտների մոտ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելը:
Գուցե <Փոքրիկ նկարիչներից> որևէ մեկի մոտ դեպի մեծ արվեստի բարձունքներ գնալու ճանապարհի առաջին քայլն սկսվեց հենց այդ փոքրիկ, բայց հետաքրքիր ցուցահանդեսով: