Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ

02.12.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները` առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ հրատապ այլ խնդիրների քննարկման նպատակով:

Ա. Գեւորգյանն այսօր մեկնեց Վայոց ձոր` այցն սկսելով Շատին համայնքից, որտեղ մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղեկցությամբ ծանոթացավ փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքներին: Ճանապարհը սողանքի հետեւանքով փլուզվել էր ամռան սկզբին, այն վերականգնվել է պետբյուջեից հատկացված 118 մլն դրամով: Փոխվարչապետին զեկուցվեց, որ գրունտային ճանապարհն ապահովում է բնականոն երթեւեկությունը, եւ հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ասֆալտապատում իրականացնել:

Մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր քննարկվեցին մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում: Փոխվարչապետին զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին: Տեղեկացվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 260 մլն դրամի շրջանակում նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Միջոցները հիմնականում ուղղվել են մարզի քաղաքային համայնքների բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը:

Ծրագրի երկրորդ մասով արդեն ավարտվել են Եղեգնաձոր քաղաքի Գեւորգյան փողոցի վերանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են Եղեգնաձորի Շահումյան 15 բազմաբնակարան շենքի հիմնանորոգման եւ ամրացման աշխատանքները, որի համար 45 մլն դրամ հատկացվել էր առաջին, 33 մլն դրամ` երկրորդ ծրագրով: Ծրագրի երկրորդ մասով մի շարք համայնքներում կհիմնանորոգվի խմելու ջրի ցանցը, Ռինդ համայնքում կկառուցվի կոյուղագիծ, կնորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքներ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը`կարեւորելով աշխատանքների ժամանակին եւ որակով իրականացումը:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները: Դեկտեմբերի 1-ի դրությամբ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 916,1 մլն դրամի դիմաց կազմել են 915, 2 մլն դրամ (կատարողականը`99,9%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95,2%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,5 %-ով: Հողի հարկի կատարողականը կազմել է 102, 1%, ինչը, սակայն, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9 տոկոսով: Գույքահարկի կատարողականը 104, 5 տոկոս է` արձանագրվել է 1,2 տոկոսի աճ նախորդ տարվա համեմատ:Նշվեց, որ չնայած այն հանգամանքին, որ հողի հարկի հավաքագրման կատարողականը բարձր է, սակայն նախորդ տարվա համեմատ հավաքագրման ցուցանիշի նվազում է նկատվել հիմնականում Վերնաշեն, Աղավնաձոր, Կարմրաշեն, Զառիթափ, Ազատեկ, Հերհեր համայնքներում: Փոխվարչապետը ընդհանուր առմամբ դրական գնահատելով հավաքագրումների մակարդակը` միաժամանակ մարզպետին հանձնարարեց մինչեւ տարեվերջ աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ մարզում կատարվել է 1100 հա աշնանացան` 55 հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Նախորդ տարվա համեմատ բարձր է եղել նաեւ բերքատվության ցուցանիշը. արտադրվել է 5 845տ հացահատիկ եւ ընդեղեն` նախորդ տարվա 4151 տոննայի դիմաց, 4100 տոննա խաղող` 3809 տոննայի դիմաց:

Տեղեկություններ ներկայացվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարեւորելով վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջների կատարումը:


ՏԿՆ հասարականության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01