Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ

21.09.2011

Սիրելի վայոցձորցիներ,
Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է` հասունության տարիք:
Շուրջ երկու տասնամյակ առաջ այս օրը հայ ժողովուրդն իր դարավոր երազանքի իրականացման համար միահամուռ <Այո> ասաց հանրաքվեին, հաստատելով` սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, ինքնիշխան պետություն ունենալու և սեփական կամքով իր պատմությունը կերտելու իրավունքը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքով, որն ընդունվեց ծափողջույնների ներքո, սկիզբ դրվեց ազգային և համամարդկային արժեհամակարգով առաջնորդվող Հայաստանի Երրորդ Հանրապետության տարեգրությանը: Սակայն անկախության ճանապարհը դժվարանցանելի էր հայ ժողովրդի համար, քանզի պետությունը դեռ չէր թոթափել 1988 թվականի ահեղ երկրաշարժի վիշտն ու ցավը, դեռևս անօթևան էին ավերված քաղաքների ու գյուղերի հրաշքով փրկված ընտանիքները: Այդ ամենին էլ ավելացավ Ադրբեջանի կողմից մեր ժողովրդին պարտադրված պատերազմը:
Ինչ խոսք` աղետի գոտու աշխատանքներին և Արցախյան Ազատամարտին արժանի մասնակցություն ունեցանք նաև վայոցձորցիներս և մեր երկրի ժողովրդի, աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների հետ մեր ուսերին կրեցինք այդ ժամանակների բոլոր հոգսերն ու դժվարությունները: Եվ արդեն հպարտորոն կարող ենք ասել, որ այսօր պատմություն են դարձել անցանկալի այդ ժամանակները, որ համարյա վերականգնված է աղետի գոտին ու 1994 թվականին դեռևս երեքամյա Հայաստանի Հանրապետությունը հաղթանակել է պատերազմում:
Կարծում եմ, պետականության տոնի առիթով տեղին է ասել` փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր անցան այդ տարիների թոհ ու բոհով և բարի հիշատակ Արցախյան Ազատամարտում զոհված մեր քույր ու եղբայրներին:
Եվ մենք պարտավոր ենք շենացնելու նրանցից ժառանգած մեծ աշխարհի մեր անկյունը` մեր գողտրիկ մարզը, այդպիսով նպաստ բերելով նաև մեր երկրի շենացմանն ու հզորացմանը:
Համոզված եմ, որ մեր մարզի բնակչության և մարզային իշխանության համատեղ ջանքերով, մենք ունենալու ենք մեր երազների տեսլականին համապատասխանող Վայոց ձոր և ՀՀ անկախության յուրաքնչյուր տարեդարձ մեր մարզի բնակչության կյանքում նշանավորվելու է նոր ձեռքբերումներով ու նվաճումներով:
Սիրելի քուրեր և եղբայրներ, կրկին շնորհավորում եմ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ, մաղթում` խաղաղ կեցություն ու բարօրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 13:57:45