Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վայոց ձորի թեմ

12.09.2011

Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Վայոց ձորի թեմ, ուր հանդիսապետեց Ս. Խաչ վանքի վերաօծման արարողությունը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Վայոց ձորի Արենի գյուղի մատույցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Սերգեյ Բագրատյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և թեմի բարերարներ: Արենիի բնակիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծափողջույններով և աղուհացով դիմավորեցին Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: Դռնբացեքի արարողությունն սկսվեց եկեղեցու նոր քանդակազարդ դռների առջև, ապա աղոթքից հետո ՙՈւրախ լեր, Սուրբ Եկեղեցի՚ շարականի ներքո ամենքը մուտք գործեցին եկեղեցի:
Տերունական աղոթքից հետո եկեղեցու բակում ժողովրդի անունից Նորին Սրբությանը ողջունեց Արենիի համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը: Այնուհետև բարիգալստյան խոսքով հանդես եկավ նաև թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով Վեհափառ Հայրապետին ներկայացրեց եկեղեցու բարերարներ Սամվել Գրիգորյանին, Հարություն Ենոքյանին և Գրիգոր Գրիգորյանին, որոնց ազնիվ նվիրատվությանբ Ս. Աստվածածին եկեղեցուն տեղադրվել են նոր քանդակազարդ դռներ:
Այնուհետև Արենիի ժողովրդին իր օրհնության խոսքն ուղղեց Նորին Սրբությունը` պատգամելով հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին և Հայ Եկեղեցու վարդապետությանը, փարված մնալ հոգևոր արժեքներին և աստվածահաճո կյանքով ապրելով` իրենց նպաստը բերել ազգային կյանքին: Ի գնահատություն բարերարների եկեղեցանվեր ոգու` Վեհափառ Հայրապետի կողմից նրանց հանձնվեցին Հայրապետական օրհնության գրեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի առիթով կազմակերպված ժողովրդական տոնախմբությունից հետո հրաժեշտ տալով Արենիի բնակիչներին` Նորին Սրբությունը մեկնեց Վայոց ձորի մարզկենտրոն` Եղեգնաձոր քաղաք:
Առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցու առջև ժողովուրդը Վեհափառ Հայրապետին դիմավորեց ավանդական աղուհացով: Եկեղեցում կատարված համատեղ աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցու տարածքում Ս. Վարդանանց եկեղեցու հիմքերի հայտնաբերման առիթով կանգնեցված քառաթև խաչքարի օրհնության արարողություն:
Օծման ավարտին Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեց Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը: Այնուհետև առաջնորդ Աբրահամ Սրբազանն անդրադարձավ պատմական եկեղեցու հայտնաբերման կարևորությանը և խորհրդին, ապա Նորին Սրբությանը հրավիրեց իր օրհնությունը բերելու ներկա ժողովրդին և խաչքարի բարերարներին:
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց եղեգնաձորցիներին խաչքարի կանգնեցման առիթով, որի օծումը կատարվեց Խաչվերացի տոնին: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց խաչի խորհրդին և նրանից ճառագող հրաշագործ զորությանը, որ դարեր շարունակ պահպանել, գոտեպնդել և խանդավառել է հայ ժողովրդին: Խոսքի վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնության գրեր շնորհեց բարերարներ Սամվել Գրիգորյանին, Արթուր Սարգսյանին, Աշոտ Օրդուխանյանին և Սամվել Հովհանիսյանին` իր մասնավոր գնահատանքը բերելով եկեղեցու հանդեպ ունեցած նրանց նվիրումի համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի շքախումբը ուղևորվեց դեպի Ս. Խաչ պատմական վանքը, որն ամբողջովին վերանորոգվել, բարեկարգվել և պարսպապատվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ Վարդան Հայրապետյանի: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ:
Օրհնելով Հայաստանի տարբեր շրջաններից այս առիթով ուխտի եկած հարյուրավոր հայորդիներին` ՙՀրաշափառ՚ շարականի երգեցողության ներքո Ամենայն Հայոց Հայրապետը հոգևորականաց թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը:
Արարողության ընթացքին Նորին Սրբությունը Սրբալույս Մյուռոնով օծեց Ս. Սեղանը, Նաթան և Արտակ Սրբազանները կատարեցին եկեղեցու սյուների օծումը: Վերջում Վայոց Ձորի թեմի առաջնորդ Սրբազանը վերստին ողջունեց Վեհափառ Հայրապետի այցը Վայոց ձոր, ապա հրավիրեց Նորին Սրբությանն օրհնել ներկա հավատավոր ուխտավորներին:
Գոհություն հայտնելով Աստծուն պատմական տաճարի վերաօծման առիթով` Նորին Սրբությունը ներկայացրեց Խաչվերացի տոնի խորհուրդը, որ սերտորեն առնչվում է Ս. Խաչ վանքի հետ: Անդրադառնալով բազում ուխտավորների ներկայությանն արարողությանը` Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. ՙՀիրավի, ցնծության և բերկրանքի մեջ է մեր հոգին, որ դարերի ավանդույթը շարունակվում է այս սրբավայրի սրբազան կամարների ներքո, և մեր զավակները նախանձախնդրությամբ գալիս են այստեղ ուխտի, գալիս են իրենց խոնարհումը մատուցելու Քրիստոսի խաչափայտի մասունքին, գալիս են հաղորդակցվելու իրենց հայրերի սրբազան հավատքին, իրենց ուխտը վերանորոգելու առ Աստված, որ պիտի շարունակեն աստվածահաճո իրենց կյանքի ընթացքը բարի գործերով՚: Նորին Սրբությունը հորդորեց հավատացյալներին, որ, տոնի խորհրդին հաղորդ լինելով, ապրեն խաչի օրհնության ներքո երջանիկ ու գոհունակ կյանքով` աստվածփառաբանության խոսքերը իրենց շուրթերին:
Վեհափառ Հայրապետը նաև մասնավոր իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդին իր ժրաջան աշխատանքի համար` այս առիթով նրան շնորհելով պանակե: Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց մարզպետին և մարզային իշխանություններին` թեմի ծրագրերին և եկեղեցականաց դասին ցուցաբերվող զորակցության համար:
Նորին Սրբությունը բարձր գնահատանքի արժանացրեց նաև Ս. Խաչ վանքի նորոգության և բարեկարգման բարերարին: Այս առիթով Նաթան եպիսկոպոսի կողմից ընթերցվեց բարերար Վարդան Հայրապետյանին շնորհված Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորապես ասվում է. ՙՄեծարգո պրն. Հայրապետյան, ուրախ ենք Վայոց Ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանից տեղեկանալու Ռուսաստանի Դաշնության հասարակական կյանքում Ձեր բեղուն գործունեության մասին: Գովելի է, որ Դուք ազնիվ ու անհոգնաբեկ աշխատանքով արձանագրել եք մնայուն հաջողություններ մասնագիտական ասպարեզում, որոնք գնահատված են ՌԴ մեդալներով ու շքանշաններով:
Հայրապետիս համար անկեղծ գոհունակություն է, որ Դուք առ հայրենին ու առ մեր Սուրբ Եկեղեցին որդիական անկեղծ, ինքնաբուխ սիրով հանձն առաք հովանավորել Վայոց ձորի Սուրբ Խաչ վանքի նորոգության և հանդիսությունների սրահի ու հովվատան կառուցման աշխատանքները: Ձեր առաքինի և աստվածահաճո այս նախաձեռնության շնորհիվ նոր կյանք պիտի ստանա հնամենի ուխտավայրը, որի օրհնաբեր և շնորհաբաշխ հարկի ներքո հավատացյալները դարեր շարունակ ապավինած Տիրոջ Սուրբ Խաչին` երկնային հովանին են հայցել իրենց օջախներին, մեր Եկեղեցուն, մեր երկրին ու ժողովրդին: Երանյալ եք Դուք. Ձեր անունը` որպես Հայ Եկեղեցու արժանավոր զավակի և ազգասեր բարեգործի, այսուհետ երախտագիտությամբ ու բարեմաղթանքներով պիտի հիշվի սրբավայրը կառուցած ու խնամած եկեղեցասեր հայորդյաց շարքին՚: Հայրապետական կոնդակի ընթեցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցու բարերարի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ պատվո բարձրագույն շքանշանով:
Այնուհետև նորաօծ եկեղեցուն Հայոց Հայրապետի կողմից ընծայաբերվեց Ս. Հաղորդության սկիհ:
Վերաօծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մարզպետ Սերգեյ Բագրատյանը և բարերար Վարդան Հայրապետյանը կատարեցին բացումը վանքի տարածքում կառուցված ընդարձակ սրահի, որից հետո Նորին Սրբությունը ծանոթացավ կատարված աշխատանքներին, այցելեց նաև վերանորոգված վանատունը:
Սուրբ Խաչ վանքի բակում կայացավ ժողովրդական տոնախմբություն, որի ընթացքում Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն իր շնորհակալանքի խուսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու հյուրերին և բարմաղթանքներ հղեց ուխտավորներին:
Վերջում տեղի ունեցավ մատաղօրհնություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29