Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶԵԿՈՒՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

26.08.2011

 

ԶԵԿՈՒՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ   ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ    ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ   ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25-ը օգոստոսի   2011թ.
 
           Խորհրդակցության հարգելի մասնակիցներ։
        Ամենամյա հերթական աշխատանքային խորհրդակցության հրավիրումը պայմանավորված է կրթության համակարգում կատարված աշխատանքները ամփոփելու,   նոր ծրագրեր մշակելու անհրաժեշտությամբ, ինչը մենք կատարում ենք յուրաքանչյուր ուստարվա նախաշեմին։ Անցած ուսումնական տարում մարզի կրթական համակարգում զգալի աշխատանք է կատարվել Ձեր  օգնությամբ։ Եվ ես կփորձեմ ներկայացնել կատարված աշխատանքի համառոտ վերլուծությունը։ 
            Մարզում գործում է 51 հանրակրթական հաստատություն, որտեղ աշխատում են 1029 ուսուցիչներ։ Ցավոք մեզ հայտնի օբյեկտիվ պատճառներով տարեցտարի պակասում է աշակերտների թիվը։ Այս ուսումնական տարում` նախնական հաշվարկներով այն կկազմի 6536 աշակերտ. առանց ավագ դպրոցների աշակերտների։ Մարզի 3 քաղաքներում գործում են ավագ դպրոցներ։  Պարտադիր կրթությունն ավարտվում է հիմնական դպրոցում։ Ավագ դպրոցի ստեղծման գլխավոր նպատակը այդ դպրոցում սովորել ցանկացող երեխաների որակյալ կրթության իրավունքի ապահովումն է։   Ավագ դպրոցների կայացման ճանապարհին ժամանակավորապես ի հայտ կգան լուրջ դժվարություններ կապված ժամաքանակների պակասելու, ուսուցիչների հնարավոր կրճատումների հանգեցնելու անհրաժեշտության առաջացման հետ։ Այստեղ տեղին եմ համարում հիշեցնել, որ հնարավորինս պետք է խուսափել կրճատումներից հետևյալ նկատառումներով։ Ավագ դպրոցների ցածր և միջին դասարանների աշակերտական համակազմը աստիճանաբար հիմնական դպրոցներում ընդգրկվելու գործընթացը լրիվ ավարտվելուց հետո 3 քաղաքների հիմնական դպրոցներում կավելանան դասարանների թիվը հետևաբար նաև ժամաքանակները։
      Ինչպես գիտեք արդեն ուսուցչի թափուր տեղը զբաղեցնելու համար արդեն գործում է այն մրցույթով զբաղեցնելու սկզբունքը։ Քանի որ սահմանված կարգով հավակնորդների մրցույթներ կազմակերպվելու են առաջին անգամ, ուստի անհրաժեշտ է ամենայն լրջությամբ վերաբերվել այս կարևոր գործընթացի արդարացի և օբեկտիվ անցկացմանը բացառելով սուբյեկտիվ վերաբերմունքի ամեն մի դրսևորում։ Այստեղ տեղին է նշել, որ դժվարություններ կառաջանան մասնագիտական թեստային առաջադրանքներ կազմելու հարցում։ Կարծում եմ անհրաժեշտ կլինի դիմել Կրթության ազգային ինստիտուտի համապատասխան դեպարտամենտների օգնությանը։
     Անցած ուստարում ամբողջ հանրապետությունում կազմակերպվեցին դպրոցների կառավարման իրավունքի ձեռքբերման համար վերապատրաստման դասընթացներ և հավաստագրի ձեռքբերման քննություններ։ Մարզից եղան բազմաթիվ հավակնորդներ, որոնք հաջողությամբ հանձնել են քննությունները և ձեռք են բերել հավաստագրեր։ Սկսվել է դպրոցների տնօրենների պաշտոնի համար մրցույթների անցկացման գործընթացը։ Այս հարցի քննարկման համար հրավիրում եմ Ձեզ արտահայտելու Ձեր նկատառումները գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպման համար։ Հատկապես կցանկանայի Ձեր վերաբերմունքն արտահայտեք երևույթի բարոյահոգեբանական կողմի մասին։    
      Կարևոր մի փաստի մասին ևս։ Խոսքը վերաբերվում է առաջին դասարանի ընդունելությանը։ Այստեղ անհրաժեշտ է հետևել օրենքի տառին. այն է առաջին դասարան են ընդունվում տվյալ օրացուցային տարում 6 տարին լրացող երեխաները։ Պետք է հանդես բերել առավելագույն զգուշավորություն, քանզի ավելի վաղ տարիքի երեխաների դպրոց ընդգրկելու միտում է զգացվում ծնողների շրջանում, որն անթույլատրելի է։ Կարծում եմ բոլորս էլ գիտակցում ենք, թե ուսումնառության անցնելու համար որքան կարևոր է երեխայի խաղաղ, անհոգ ու առողջ մանկությունը։ Չի կարելի կասկածի տակ դնել նոր սկսված կրթական քաղաքականության հաջողությունը։
     Գործածության մեջ գտնվող դասագրքերի և նոր հրատարակվող դասագրքերի 12-ամյա կրթության համապատասխանեցման հետ կապված խնդիրը լուծված է և ամբողջ խմբաքանակը ստանալուն պես կբաշխվի դպրոցներին։
     Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ամեն տարի պետք է վերապատրաստվեն տվյալ ուսումնական հաստատության ուսուցիչների 20 տոկոսը։ Առաջիկայում վերապատրաստվող ուսուցիչների ցուցակները արդեն ներկայացվել են ԿԳ նախարարություն և կատարվում են դասընթացների նախապատրաստական աշխատանքները։ Նախապատրաստական փուլում է նաև ուսուցիչների ատեստավորման  գործընթացը։ Այն ավարտվելուց հետո կարծում եմ մենք մի առանձին աշխատանքային խորհրդակցությունում ավելի մանրակրկիտ քննարկում կկազմակերպենք։
    Ինչպես գիտեք ԿԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է աշակերտների անհարկի և երբեմն չհիմնավորված շարժը։ Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել այն դպրոցների տնօրեններին որտեղ աշակերտների շարժի մասին փաստաթղթային ձևակերպումները կատարվում են սահմանված կարգի խախտումներով կամ երբեմն անգրագիտության աստիճանի անփույթ ձևակերպումներով։
     Հետևությունները թողնում եմ Ձեզ։
     Գաղտնիք չէ, որ ուսումնադաստիարակչական աշխատանքի կենտրոնական դեմքը ուսուցիչն է։ Մարզի ուսուցիչների շուրջ 80 տոկոսը ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն։ Վերջին տարիներին դպրոցներն ապահովվել են բոլոր առարկաների գծով մեթոդական ձեռնարկներով, ժամանակին դպրոց են հասնում առարկայական ամսագրերը։ Այսինքն ուսուցիչն ունի համապատասխան կրթություն, ապահովված է մեթոդական գրականությամբ։ Բայց արձանագրել, որ կրթության համակարգում  արվում է հնարավորը ապահովելու կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան որակյալ կրթություն, մեղմ ասած ինքնախաբեություն կլինի։ Խոսքը չի վերավերվում բուհեր ընդունված շրջանավարտներին 20-25 տոկոսին, որոնք իրենց կրթական կարիքը բավարում են դպրոցից դուրս կրկնուսուցմամբ։ Խոսքը վերաբերվում է շրջանավարտների մնացած 70-75 տոկոսին, որոնց կիսատ-պռատ գիտելիքներով ճանապարհում ենք կյանք։ Սրա պատճառները շատ խորն են, որոնց թվարկումը հեռու կտանի։ Այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում կանգ առնել դրանցից մի քանիսի վրա։ Այսօր դպրոցում աշխատող ուսուցիչների միջին տարիքը 45-50 է, որոնք բուհն ավարտել են շատ տարիներ առաջ։ Առաջացած տարիքի ուսուցիչը չնայած ունի կուտակած փորձ, այնուամենայնիվ դժվարությամբ է կարողանում դասավանդման նորագույն մեթոդները զուգակցել ավանդական մեթոդներին, հրաժարվել հին անարդյունավետ մեթոդներից։ Մյուս ոչ քիչ կարևոր պատճառը   ուսումնադաստիարակչական աշխատանքի ներդպրոցական թույլ վերահսկողությունն է։ Տնօրինություն-ուսուցիչ շփումը շատ հաճախ պայմանավորված է զանազան կազմակերպչական բնույթի հարցերի քննարկումով, շատ հազվադեպ են քննարկվում ուսումնական հարցեր։
           Ինչպես գիտեք Եղեգնաձորի թիվ 2  միջն. և Ջերմուկի ավագ դպրոցներում  իրականացվում է ներառական կրթություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Այդ  նպատակով կատարված աշխատանքը լիարժեք համարել չի կարելի։ Մարզի տարածքում շուրջ 70 երեխաներ ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Կրթության մասին ՀՀ օրենքով ամրագրված է այդ երեխաների կրթության իրավունքը ինչպես հանրակրթական այնպես էլ հատուկ դպրոցներում։ Սակայն շատ ավելի արդյունավետ կլինի այդպիսի երեխաները ընդգրկվեն Եղեգնաձորի թիվ 2 միջն. և Ջերմուկի ավագ դպրոցների աշակերտական համակազմում։ Դպրոցների տնօրենների խնդիրը կլինի ծնողներ շրջանում ծավալել լայն բացատրական աշխատանք կրթության կազմակերպման այս ձևի արդյունավետության մասին։ 
           Մենք գտնվում ենք բարեփոխումների իրականացման անցումային փուլում։ Եվ այդ անցումը սահուն և անցնցում անցկացնելու համար մեզնից կպահանջվի լրացուցիչ ջանքեր։ Որքան արագ կընկալենք նորի արմատավորման անհրաժեշտությունը, որքան արագ պատրաստ կլինենք այն իրականացնելու, այնքան հաջողությամբ ճանապարհ կհարթվի կրթական նոր համակարգի ներդրման համար։
           ՈՒսուցիչը ավելի քան երբևէ պետք է ավելի շատ աշխատի ինքն իր վրա, արագորեն հրաժարվի կարծրացած ստերեոտիպերից, կարողանա հինը, արժեքավորը վարպետորեն զուգակցել նորի, առաջավորի հետ։ Ինքնաքննադատաբար խոստովանենք, որ այս հարցում դանդաղում ենք, դժվարությամբ է նորը իր համար ճանապարհ հարթում։  
         Լուրջ ձեռքբերումներ ունենք սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։ Դպրոցները ունեն առանձնացված և կահավորված զինվորական կաբինետներ և զենքի սենյակներ։     Հանրապետությունում առաջինը մեր մարզի բոլոր 40 միջն. դպրոցներին հատկացվել է   ՏՕԶ -8 մակնիշի մարտական հրացան և ԱԿՄ մակնիշի ուսումնական ինքնաձիգ։ ՈՒսումնական զենքով ապահովելու գործընթացը ավարտված է։ Բոլոր զինղեկները կրում են զինվորական համազգեստ։ Տարեկան մեկ անգամ բարձր դասարանների աշակերտները այցելում են Եղեգնաձորի և Վայքի զորամասեր, ապրիլ ամսին անցկացվում են ռազմադաշտային պարապմունքները։ 
      Մարզի համարյա բոլոր դպրոցական շենքերը վերջին երկու տարիներին կամ մասնակի կամ հիմնովին վերանորոգվել են։ Ստացվել և  դպրոցներին է տրամադրվել է բոլորովին նոր դպրոցական գույք առաջին դասարանցիների համար, որոնցում եղած հին գույքով նախատեսվում է համալրել  դրա կարիքն ունեցող դպրոցները մինչև նորի ստացումը։ Այս գործընթացը կշարունակվի նաև առաջիկայում։
          Մարզի դպրոցներն ընդգրկվել են համակարգիչների շրջանառու հիմնադրամի ծրագրում, որանք համալրվել են 125 համակարգիչներով և այլ սարքավորումներով։ Այսօրվա դրությամբ մարզի դպրոցներում հաշվառված է 365 համակարգիչ և համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը կազմում է 1։20։ Մարզի 17 դպրոցներ միացված են ինտերնետային ցանցին։ Տարվա ընթացքում ինտերնետային շարժական կայանը 15-օրյա ուսուցողական դասընթացներ է անցկացրել Բարձրունի և Սերս գյուղերում։ Տեսանելի ապագայում հնարավոր չէ պատկերացնել դասը առանց համակարգչի։ Այնպես որ այսօրվա հապաղումը վաղը դպրոցին կկանգնեցնի փաստի առաջ։ Այստեղ տեղին է նշել, որ անհրաժեշտ է եղածը աչքի լույսի պես պահել և լիարժեք օգտագործել բոլոր հնարավորությունները։      
         Դասագրքերի ներկրումն ընթացքի մեջ է և մինչև սեպտեմբերի 1-ը դասագրքերը կհասցվեն դպրոցներ։ Վարձավճարների հավաքագրման գործում առաջիններից մեկն է մեր մարզը, այն նախորդ ուստարում հավաքագրվել է 99%-ով։
         Կրթության վարչությունը սկզբունքային լուրջ մոտեցում է ցուցաբերում մանկավարժական կոլեկտիվները մասնագետ կադրերով ապահովելու խնդրին։ Դպրոցների տնօրենների խնդիրը այս հարցում, առաջացած թափուր տեղերի համար ժամանակին տեղեկատվություն տրամադրելն է և մրցույթների սահմանված կարգով կազմակերպումը։ Այստեղ ուզում եմ մի կարևոր նկատառում անել։ Առաջիկա 3-4 տարիներին մեր մանկավարժների մոտ 20 տոկոսը կհասնեն կենսաթոշակի տարիքի և նրանց աշխատաքից ազատվելու հետևանքով առաջացած թափուր տեղերը լրացնելը լուրջ դշվարություններ առաջ կբերի։ Այս խնդրի մասին անհրաժեշտ է մտածել այսօրվանից։ Մեր կարծիքով աստիճանաբար /տարեկան 10 տոկոսի չափով/ պետք թարմացնել մանկավարժական անձնակազմը նորավարտ մասնագետ կադրերով։
           Ակնհայտ հաջողություններ ունենք դպրոցականների առարկայական օլիմպիադաներում։ Մարզային փուլին մասնակցած 860 դպրոցականներից 32-ը իրավունք նվաճեցին մասնակցելու հանրապետական փուլին։ Նրանցից 5-ը օլիմպիադայի հանրապետական փուլից վերադարձել են դիպլոմներով և գովասանագրերով։
         Խորհրդակցության հարգելի մասնակիցներ։
         Երկրում սկսված կրթական բարեփոխումները թելադրված են ժամանակի պահանջներով և ոլորտի զարգացման միջազգային չափանիշներին համահունչ լինելու միտումներով։ Հետևաբար բարեփոխումների ծրագիրը այլընտրանք չունի։ Մեր խնդիրը այդ ծրագրին ժամանակին արձագանքելն է։
         Եվ կարծում եմ, որ մենք ունենք որակյալ մտավոր ներուժ և ցանկություն մեզ առաջադրվող խնդիրները ժամանակին լուծելու։   Հապաղելն անթույլատրելի է և անիմաստ։ 
       Սրտացավ, հետևողական, անմնացորդ ու ստեղծագործական նվիրումով աշխատելու դեպքում կատարած կլինենք մեր առաքելությունը։ Առաքելություն, որ կամովին ենք վերցրել մեր ուսերին։
                
            
   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29