Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղեգնաձոր

Մակերես` 

Բնակչություն` 

Համայնքի կենտրոն՝  Եղեգնաձոր                    

Համայնքի ղեկավար՝  Դավիթ Հարությունյան          

Եղեգնաձոր խոշորացված համայնքը կազմավորվել է <Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին> ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (ՀՕ- 328-Ն) 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղական և Եղեգնաձոր քաղաքային համայնքների միավորումից։

Համայնքի կենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է։
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, (ՀՕ- 329-Ն) 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կատարված լրացման  արդյունքում  համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների (Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։

2021 թվականի դեկտեմբերի 17-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։
 

Գետափ    Գլաձոր   Մալիշկա   Վերնաշեն

 Եղեգնաձորը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, հանդիսանում է Վայոց ձորի մարզկենտրոնը։
Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են ՄԹԱ առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների, Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Սխտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, իսկ 19-րդ դարի սկզբներից Քեշիշքենդ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։
1935թ-ին Քեշիշքենդը վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 1958թ-ի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել է Եղեգնաձոր։ 1996թ-ին Եղեգնաձորի և Վայքի շրջանները միավորվել են և դարձել մարզ` Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։
Քաղաքը տարածվում է Արփա գետի Սրկողք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում է Գլաձոր և Վերնաշեն գյուղերի հետ։ Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը եւ Արցախի Հանրապետությունը Երևանի հետ կապող մայրուղին։ Հեռավորությունը Երևանից 119 կմ է։
Ծովի մակերևույթից քաղաքը գտնվում է 1250 մ միջին բարձրության վրա։ Համայնքի ֆիզիկա-աշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները։ Կլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով, տարեկան միջին 400մմ տեղումներով և լեռնահովտային քամիներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5-6◦C է, նվազագույնը -22◦C, հուլիսին +35◦C ։ Տիրապետում է չոր տափաստանային լանդշաֆտը, ֆրագինային բույսերի (գժնիկի, նշենի, սարի չամչ, գիհի, դաշտավելուկ, փետրախոտ, ցորնուկ և այլն), կենդանիների (բեզուարյան այծ, գայլ, աղվես, նապաստակ), սողունների (գյուրզա, իժ,) թռչունների (կաքավ, ճնճղուկ) գերակշռությամբ։
Բնությունը գեղեցիկ է, օդը` մաքուր։ Կլիման մեղմ է, ձյունապատ ձմեռով, տաք ամառով ։
Համայնքի տարածքում հանքային հանածոներից կան` շինարարական քար (ֆելզիտ, գրանիտ), ապակու հումք, գրավյա։
Համայնքի բնակչությունը 2001թ. մարդահամարի տվյալներով 8187 մարդ է, քաղաքապետարանի տվյալներով մշտական բնակչությունը 2009թ. հունվարի 1-ի տվյալներով 9394 մարդ է`ընտանիքների (ծխերի)թիվը` 2582 ։
Եղեգնաձորը մինչև 90-ական թվականները եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն։ Քաղաքում գործել է ռելեի գործարանը` 1100 աշխատատեղով, տրիկոտաժի ֆաբրիկան` 500 աշխատատեղով, էլեկտրոսարք գործարանը` 300 աշխատատեղով, պահածոների գործարանը` 250 աշխատատեղով, կոշիկի ֆաբրիկան` 200 աշխատատեղով, պանրագործարանը, գորգագործական ֆաբրիկան և այլն։ Քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները, որտեղ ընդգրկված էին բնակչության 35% այժմ չեն գործում։
Ներկայումս ամենախոշոր ձեռնարկությունը ռելեի գործարանն է 300 աշխատատեղով, որտեղ արտադրվում են հիմնականում ավտոմեքենաների ռելեներ։ Քաղաքում  գործում է ճանապարհաշինարարական և շահագործման ձեռնարկությունը, որտեղ աշխատում են 94 մարդ։ Նոր՝ տնտեսական հարաբերությունների պայմաններից ելնելով, քաղաքում զարգանում են փոքր ձեռնարկությունները` գինեգործական, տակառագործական, քարի մշակման, բետոնյա իրերի, հացաթխման, հրուշակեղենի պատրաստման, կահույքի արտադրության և այլն: Նշված ձեռնարկություններում ընդհանուր առմամբ աշխատում են 120 մարդ։ Արտադրվում է Արենի, Վերնաշեն բարձր տեսակի գինիներ, տարբեր չափերի փայտյա տակառներ, ծաղկամաններ, երեսպատման սալիկներ, շինաքար, միջնորումի սալիկներ, կահույք և այլն։
Համայնքի վարչական տարածքը 2642 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը 200 հա, արտադրական նշանակության հողերը 25 հա, գյուղատնտեսական նշանակության հողերը 1777 հա, գերատեսչական հիմնարկների զբաղեցրած հողերը 70 հա, հանգստի գոտիները 12 հա։
Բնակավայրի տարածքը 450 հա է։ Հողի սեփականաշնորհմանը մասնակցել են 1740 ընտանիք, մեկ հողաբաժնի չափը եղել է 3300 քմ։ Համայնքի վարչական տարածքի 276 հա պետական պահուստային հողեր են, իսկ 1805 հա համայնքի սեփականության համարվող հողեր են։ Համայնքում գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են` անասնապահությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, դաշտավարությունը, մեղվաբուծությունը։ Գյուղատնտեսության բնագավառում բնակչության զբաղվածությունը 12%-է։ Արտադրվում է գինի, մեղր, միս, կաթ, պանիր, ձու, հացահատիկ, մրգեր։
Ներհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը 38800 մ է, որից ասֆալատապատ 26200մ, մնացածը գրունտային է։ Փողոցների մակերեսը 417800 քմ է։

2004-ից 2014 թվականները գործել  է ,, ԳԻՏԵԼԻՔ,, համալսարանը 12 ֆակուլտետներով։ Համալսարանն ունի նոր կառուցված չորս հարկանի հոյակերտ ուսումնական մասնաշենք, հանրակացարաններ ուսանողների և դասախոսների համար, հարմարավետ սպորտային դահլիճ։  Իսկ
2008թ-ից- գործել է Երևանի  տնտեսագիտական պետական համալսարանի մասնաճյուղը։ Քաղաքում գործում են նաեւ Եղեգնաձորի պետական քոլեջը, հանրակրթական վարժարանը, 1 ավագ դպրոց, 2 հիմնական դպրոցներ, նչպես նաեւ երեք մանկապարտեզներ, , արվեստի դպրոց և մանկական ստեղծագործական կենտրոն , 300 նստատեղով մարզադպրոց, մարզադաշտ` 800 նստատեղով, վազքողիներով և մարզական փոքր դաշտով, մշակույթի տուն` 500 տեղանոց համերգային դահլիճով, գրադարան` 56119 գրքային ֆոնդով, երկրագիտական թանգարան։
Եղեգնաձորում գործում է քաղաքային հիվանդանոց 50 մահճակալով, որն ունի վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկական, թերապեֆտիկ, ինֆեկցիոն, արյան փոխներարկման բաժանմունքներ, ծննդատուն, շտապ օգնություն, կլինիկո-բիոքիմիական լաբորատորիա։ Քաղաքում գործում է 5 դեղատուն։
Քաղաքը ունի 4 զբոսայգիներ։
Մոմիկի անվան զբոսայգին ունի խաղահրապարակ, երեք կարուսելներ, 1000 նստատեղով, հիմնանորոգված ամֆիթատրոն՝  հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ, տրվում են համեգներ։
Քաղաքի ազգաբնակչությունը, որպես հանգստի գոտի օգտագործվում է նաև Արփա գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36