Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի նկարագիրը

 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

Մարզկենտրոնը`  Եղեգնաձոր

 

Տարածաշրջանները`
Վայք
Եղեգնաձոր


Քաղաքները`        Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք


   Տարածքը` - 2308 քառ. կմ

   Բնակչության թիվ՝ 01.01.2023-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզում հաշվառվել է  59222 մարդ:

 
   Համայնքների թիվը՝ 5, Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք: Բնակավայրերի ընդհանուր թիվը` 55,  որոնցից մշտապես  հաշվառված բնակչությամբ ՝ 45-ը:

   Վայոց ձորը սահմանակից է Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին:
 


                              ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ


   Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` ԼՂՀ ին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։ Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հատնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։
   Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու կողմից։ Դեռևս մ. թ. ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ` կազմելով Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառը։ Եղել է բազմաթիվ իշխանությունների նստավայր, հատկապես ծաղկում է ապրել Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների տիրապետության օրոք (XII-XIVդդ)։ XIII դ. պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Վայոց ձորի 94 բնակավայրերի անուն։ Այդ դարերում են կառուցվել բազմաթիվ նշանավոր եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, քարվանատներ, որոնք այսօր տուրիստական կարևոր օբյեկտներ են և Վայոց ձորի հարուստ պատմության լուռ լեզվավկաներն են։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել «Մետաքսի մեծ ճանապարհը», որով այսօր անցնում է Մարտունի- Եղեգնաձոր խճուղին։
   Վայոց ձորի պատմության վատագույն ժամանակաշրջանը XV-XVII դդ են, երբ թրքախոս ցեղերն ու իրանական զորքերը ավերել են շեն գյուղերը, տեղահանել բնակչությանը։ Ռուսաստանին միանալուց հետո այն կազմում էր Երևանի նահանգի Շարուր–Ղարալագյազի գավառը։ 1918-20թթ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ, 1920-91թթ. Խորհրդային Հայաստանի ,կազմի մեջ։ Խորհրդային իշխանության վարչական բաժանման ժամանակ 1929-1930թթ-ից մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Եղեգնաձորի և Ազիզբեկովի (այժմ՝ Վայք) շրջանների միջև, 1991թ. մտել է Հայաստանի անկախ Հանրապետության կազմի մեջ` ենթարկվելով 1995թ. վերջին վարչատարածքային բաժանմանը, որից հետո վերը նշված շրջանները միավորվեցին Վայոց ձորի մարզի մեջ։ Մարզը ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Գեղարքունիքի մարզի հետ կապված է Սուլեմայի լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։


                                    ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

   Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։
   Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդշաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարները դեռ չեն շահագործվել։


                ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

   Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ –ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։


                                 ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ 

   Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներից մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։


                                               ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ 

   Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ 2009թ. հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորի բնակչության թիվը կազմում է 55800 մարդ, որից 19500-ը քաղաքային բնակչություն է, իսկ 36500-ը` գյուղական։ Մարզն ունի 44 համայնք, որից 3-ը` քաղաքային (Եղեգնաձոր, վայք, Ջերմուկ)։ Վայոց ձորում գյուղական բնակավայրերի խոշոր կուտակումնր չկան։ Քաղաքները ևս փոքր քաղաքներ են։ Ամենախոշորը մարզկենտրոն Եղեգնաձորն է, որի բնակչության թիվը 8200մարդ է (2009թ.)։ Քաղաքը գտնվում է Երևան–Ստեփանակերտ–Իրան միջպետական ճամապարհի վրա։ Քաղաքի հարավով հոսում է Արփա գետը, հյուսիսում քաղաքին են ձուլվում Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։ Քաղաքում աստիճանաբար ակտիվանում է մշակութային կյանքը զարգանում է կրթական ոլորտը։
Վայք ու Ջերմուկ քաղաքները ունեն մինչև 6000 բնակիչ (2009թ.)։ Վերջինս առողջարանային քաղաք է։ Այստեղ էլ կատարվում է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումն ու առաքումը։ Վայոց ձորի մարզի քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 28%, կանանց թվաքանակը գերազանցում է տղամարդկանց թվաքանակին։
   Վայոցձորցիները սիրում են նշել ազգային, ավանդական և հոգևոր տոները` Զատիկ, Տեառնընդառաջ, Վարդավառ։ Վայոցձորցիների ամենասիրելի և յուրահատուկ տոնը Բերքի տոնն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկորդ կիրակի օրը մարզկենտրոն Եղեգնաձորում։ Յուրաքանչյուր գյուղ տոնական շքերթի է դուրս գալիս իրեն բնորոշ բարիքներով, տեղական հատապտուղներով և բույսերով զարդարված մեքենաներով։ Գյուղացիները նաև ցուցադրում են թատերական պատկերներ գյուղի կենցաղից և ազգային խոհանոցից։ Ամֆիթատրոնում տոնական համերգային ծրագիր է հնչում, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչներ առանձին տաղավար–սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։
Ավանդական է դարձել նաև Գինու տոնը, որը նշվում է դարձյալ հոկտեմբերին Արենի գյուղում։ Վայոցձորցին ունի ավանդական խոհանոց` ընդհանուր հայկական խոհանոցի դիմագծի վրա։ Գյուղերում թխվում են ավանդական լավաշը, թոնրի գաթան։ Հարգի են «բանջարները», որոնք բուժական նշանակության վայրի խոտաբույսեր են։
   Սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրմանով շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը։
   Վայոցձորցինեը շատ հյուրասեր և աշխատասեր մարդիկ են։


                                               ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

   Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տնտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուղատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևիլի, սալորի, կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է «Արենի» գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։
   Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ, սարքաշինական գործարան` Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26