Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հարցազրույցը hraparak.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի հետ

18.03.2019

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ Է ԱՆՈՒՄ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս դժգոհում էր, որ ինքն արաբ շեյխի հետ որոշել էր Վայոց ձորի մարզում խոշոր ներդրում կատարել եւ պարարտանյութի՝ սիլիցիումի գործարան կառուցել, բայց Եղեգնաձորի քաղաքապետը խոչընդոտներ է հարուցում։ Իսկ այնտեղ մեկ միլիարդ դոլարի ներդրում էր կատարվելու, ամեն ինչ պատրաստ է, մնում է սկսեն աշխատանքները, բայց, ըստ Ծառուկյանի, ութ ամիս է՝ «մեր բոլորի կողմից սիրված, ընդունված համապատասխան քաղաքապետը բոլոր շինարարություններին պրոբլեմ ա առաջացնում»։ Երեկ հետաքրքրվեցինք Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանից, թե ինչու են Եղեգնաձորի քաղաքային իշխանությունները խոչընդոտում Ծառուկյանի միլիարդանոց պրոյեկտի իրագործմանը։
«Քաղաքային իշխանություններն իր կուսակցության ներկայացուցիչ են»,- ասաց Տրդատ Սարգսյանը՝ ակնարկելով, որ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը ԲՀԿ-ական է, նրանց աջակցությամբ է ընտրվել ժամանակին։ Թեպետ Սերժ Սարգսյանի 2015 թվականի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո կարծես թե լքել է ԲՀԿ-ն։ Նրա կենսագրականում, սակայն, նշված է, որ նա ԲՀԿ անդամ է։
- Դուք տեղյա՞կ եք այդ խնդրից։
- Չէ, իմ հետ ոչ մեկ չի հանդիպել այդ հարցով։
- Իսկ Եղեգնաձորի քաղաքապետը Ձեզ տեղյակ չի՞ պահել։
- Եղեգնաձորի քաղաքապետն աջակցել ա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ԲՀԿ նախկին անդամ է, եթե չեմ սխալվում։ Ես չեմ տիրապետում էդ խնդրին։
- Բայց ձեր մարզում խոշոր ներդրումային ծրագիր են փորձում իրականացնել, մարզպետը տեղյակ չէ՞։
- Իմ հետ չեն հանդիպել, հարցը չեն քննարկել։
- Իսկ այս ընթացքում, ինչ Դուք մարզպետ եք, մարզում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ-որ ներդրումներ կատարվե՞լ են։
- Քննարկումների փուլում են տարբեր ներդրումային ծրագրեր, աշխատում ենք էդ ուղղությամբ, հուսանք՝ դրական արդյունք կլինի։
- Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, մեկը կամ երկուսը թվարկեք, խնդրում եմ։
- Խաղողագործություն, գինեգործություն, անասնապահություն։
- Դրսի՞ ներդրողներ են, թե՞ տեղական։
- Տեղական էլ են, դրսից էլ կան։ Հիմա ներդրում կա, որը մինչեւ 10 մլն դոլարի երեւի կհասնի, խաղողի այգիներ են հիմնում, մոտ 60 աշխատատեղ արդեն հիմնվել է եւ կշարունակվի, 100-ը կանցնի։ Հլը որ երեւի մեկ միլիոնի է ներդրում արվել։
- Իսկ ո՞վ է ներդրումն անողը։
- Մհեր Տերտերյանն է անում, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ Կա նաեւ շվեյցարահայ ներդրող, ով Արենի համայնքում էլի խաղողագործության մեջ պատրաստ է ներդրում կատարել, եւ հիմա էլ մեծ ծրագրի շուրջ ենք բանակցում, դրա մասին չեմ կարող ասել։
- Ասում են՝ մարզպետներ կան, որոնք խոշոր ներդրումային ծրագրերի մասին են խոսում, որ տպավորություն ստեղծեն, թե միլիարդների հասնող ներդրումներ են բերում մարզ, բայց իրականում դրանց մեծ մասն օդում խոսակցություններ են, որ թղթի վրա էլ մնալու են։
- Ես ինչի մասին ասացի, դա իրականություն է արդեն, աշխատանքային փուլում է։
- Իսկ Մհեր Տերտերյանն իշխանափոխությունից հետո՞ է սկսել իր ներդրումային ծրագիրը, թե՞ վաղուց էր սկսել։
- Մինչեւ իմ մարզպետ նշանակվելը սկսել էր, բայց մարզպետ նշանակվելուց հետո ավելի լայն աշխատանքներ է կատարում։ Հիմա խաղողի այգիներ է տնկում, հետո կհիմնի գինու գործարան, հետո՝ հյուրանոց․․․ նման ծրագրեր ունի։
- Ձեր մարզում հրաժարական տվող համայնքապետեր շա՞տ կան, այս ընթացքում քանի՞սն են հրաժարական տվել՝ պայմանավորված իշխանության փոփոխությամբ։
- Այս ընթացքում ես մենակ Մալիշկա համայնքինն եմ տեղյակ, այսինքն՝ ուրիշ չի եղել այս ընթացքում, դա էլ մինչեւ իմ՝ մարզպետ նշանակվելն է եղել։
- Ձեր կողմից հորդորներ, հրահանգներ չե՞ն եղել, որ նախկին իշխանության օրոք ընտրված համայնքապետերը հրաժարական տան։
- Ես հայտարարել եմ, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար, ով աշխատում է հանուն համայնքի, մեծ սիրով պատրաստակամ ենք աշխատել միասին, որ համայնքը զարգանա։
- Ձեր մարզի տնտեսական եւ սոցիալական վիճակը որեւէ փոփոխություն կրե՞լ է, եւ դա ինչպե՞ս է զգացվում մարզի բնակիչների վրա։
- Էական փոփոխություն դեռ չի կրել։
- Ինչո՞վ է դա պայմանավորված։
- Ժամանակ է պետք, որպեսզի ներդրումային ծրագրերն իրականանան, աշխատատեղեր ստեղծվեն, եւ մարզի բնակչությունն ինքն իր վրա փոփոխությունն զգա։ Հիմա 24 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել ութ համայնքի կողմից, եւ յուրաքանչյուր ծրագրի իրականացումն էլ ավելի կբարելավի գյուղացու կյանքը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37