Տեղեկատվական կենտրոն
Ելույթներ ԵՎ հարցազրույցներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների ծնողների հետ կորպուսի հրամանատարական կազմի հանդիպմանը, 09.10.2015թ
09.10.2015
Հարգարժան պարոն գեներալ, հարգելի ծնողներ,
սիրելի զինվորներ,
Սիրով և ամենայն հպարտությամբ ողջունում եմ բոլորիս այս սրտառուչ հանդիպման կապակցությամբ: Հանդիպում, որն ուղղված է բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացմանն ու ամրապնդմանը, քանզի բանակն, իրապես, մեր տունն է ու մեր ամրոցը: Խոսքս ամենայն սիրով եմ ասում, որովհետև հայ ժողովուրդը, այդ թվում վայոցձորցիներս նաև որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, միշտ էլ սիրել, գնահատել և ամենայն հոգածություն են դրսևորել հայ զինվորի, այս դեպքում՝ Հայոց բանակի զինվորի, սպայի, հրամանատարի նկատմամբ: Հպարտորեն եմ արտահայտում իմ մտքերը նաև այն հանգամանքով պայմանավորված, որ Վայոց ձորից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսում ծառայության մեջ գտնվող մեր մարզի 50 զավակներն աչքի են ընկել լավագույն ծառայությամբ և արժանացել իրենց ծնողներին հանդիսավորությամբ հանդիպելու պատվին:
Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր զինծառայողների ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, իսկ զինվորներին ասել՝ ապրեք դուք, ոչ միայն հայրենիքին ձեր պարտքը տալու համար, այլև պատվախնդրորեն ծառայելու համար:
Հարգելի ներկաներ, թույլ տվեք իմ անունից ու ձեր կողմից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ընձեռած այս հնարավորության և մեր զավակների նկատմամբ դրսևորած հոգատարության համար:
Փառք ու պատիվ Հայոց հաղթանակած բանակին, խաղաղ օրեր ու բարի ծառայություն հայ զինվորին: