Տեղեկատվական կենտրոն
Ելույթներ ԵՎ հարցազրույցներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողների ծնողների հետ կորպուսի հրամանատարական կազմի հանդիպմանը
22.11.2014
Հարգարժան պարոն գնդապետ, հարգելի հյուրեր, հայրենակիցներ, սիրելի զինվորներ:
Սիրով ողջունում և շնորհավորում եմ հիշարժան այս հանդիպման առիթով: Այսօր իրենց ծննդավայր են ժամանել 3-րդ բանակային կորպուսում լավագույնս ծառայող զինվորները՝ հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:
Գովելի ավանդույթ է դառնում Հայկական բանակում ծառայող զինվորների հանդիպումն իրենց ծնողների հետ: Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն զինվորներին ոգևորելու, նրանց մարտական ոգին բարձրացնելու համար: Հայկական բանակն անցել է ծանր, միաժամանակ փառահեղ հաղթանակների ուղի: Բոլորս գիտենք, որ մեր անկախությունն ու խաղաղությունը մեզ ոչ ոք չի նվիրել, քանզի պատերազմը մենք հաղթել ենք մեր հերոս ազատամտիկների արյան գնով և ազգովի: Այսօր էլ դեռևս պատերազմը փաստացի չի ավարտվել, թշնամին դավադրորեն և պարբերաբար խախտում է մեր անդորրը, կազմակերպում դիվերսիաներ, սակայն հայոց բանակն արժանի հակահարված է տալիս և լռեցնում նրան: Վայոցձորցիներս եղել ենք ու կանք որպես հայրենիքի պաշտպանության առաջամարտիկներ: Արցախյան ազատամարտում շատ վայոցձորցիներ իրենց մահկանացուն կնքեցին հանուն այսօրվա խաղաղության, իրենց կյանքի գնով ապահովելով մեր խաղաղ կեցությունը: Հայոց հզոր բանակը մշտապես գտնվում է մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում, թեև դեռ շատ անելիքներ կան զինվորական կարգապահության ապահովման, կանոնադրական պարտականությունների հստակ կատարման և կազմակերպչական այլ հարցերի ուղղությամբ: Ուստի շատ կարևոր է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Մենք, բանակային 4-րդ կորպուսի հետ համատեղ, բազմապիսի միջոցառումներ ենք կազմակերպում ուղղված նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կողմից զինվորական գիտելիքների յուրացման արդյունավետությանը և նրանց մոտ հայրենիքի նկատմամբ զինվորական պարտքը կատարելու պատրաստակամության ձևավորմանը: Դրա վառ վկայությունն է ռազմամարզական պատրաստականության հանրապետական մրցումներում մեր մարզի դպրոցականների կողմից մրցանակային տեղեր գրավելու ուրախալի փաստը: Գովեստի է արժանի նաև այն փաստը, որ վայոցձորցի զինվորներն ամենուրեք աչքի են ընկնում իրենց կարգապահ ծառայությամբ և զինվորական գիտելիքների իմացությամբ: Բոլորիս խնդիրն է՝ էլ ավելի ամրապնդել հասարակություն-ծնող-բանակ կապը և հասնել նրան, որ յուրաքանչյուր երիտասարդ առավել գիտակցի իր դերը հայրենիքի պաշտպանության սրբազան գործում և հպարտորեն մեկնի Հայկական բանակում ծառայելու՝ հայրենիքին իր պարտքը տալու:
Եվս մեկ անգամ ողջունում եմ միջոցառման կազմակերպիչներին և որպես Վայոց ձորի մարզպետ իմ շնորհակայությունն եմ հայտնում այս կարևոր և անհրաժեշտ նախաձեռնության համար: Համոզված եմ, որ շնորհակալանքի իմ խոսքին համամիտ են նաև այս դահլիճում ներկա բոլոր ծնողները, ովքեր ամիսների կամ տարիների կարոտն են առնում իրենց զինվոր զավակներից: