Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

Էդգար Ղազարյանի հրաժեշտի ելույթը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կայած ընդունելության ժամանակ

27.10.2014


Հարգելի գործընկերներ:
Տիկնայք և պարոնայք:
2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է կառավարության այդ որոշումը և ՀՀ Նախագահի հրմանագրով ինձ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում ես պաշտոնավարում եմ 2012 թվականի հունիսի 22-ից, այսինքն ուղիղ երկու տարի չորս ամիս և մեկ օր կամ 853 օր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Եթե այդ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է ունենալ ձեռբերումներ, որոնց արդյունքում թեթևացել է մեր հասարակության կամ դրա մի մասի հոգսը, նրանց համար ստեղծվել են կյանքի և գործունեության առավել լավ պայմաններ, ապա ես միայն ուրախ եմ դրա համար: Եթե մեր համատեղ աշխատանքի հետևանքով եղել են թերություններ և բացթողումներ, որոնք հնարավոր է անհանգստություն կամ հոգս պատճառած լինեն որևէ քաղաքացու, ապա ես անկեղծորեն ցավում եմ դրա համար և հավատացնում, որ մեր գործողություններում մենք նման նպատակ երբեք չենք ունեցել: Եթե դեռևս մնացել են անվարատ գործեր և ծրագրեր, ապա ես հաջողություններ եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին: Ուզում եմ հուսալ, որ հաջորդ մարզպետի ղեկավարությամբ դրանք կարող են շատ ավելի լավ արդյունքներ ունենալ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում աշխատած տարիները ես համարում իմ կյանքի լավագույն ժամանակաշրջաններից մեկը: Ես անչափ շնորհակալ եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից այդ հնարավորությունն ինձ ընձեռնելու համար: Այս աշխատանքում ես կարողացա ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և փորձ, գործնականում կիրառել տարիների ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները՝ հատկապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում, առավել խորությամբ ճանաչել իմ սիրելի ծննդյավայր Վայոց ձորը, դրա անզուգական բնաշխարհն, արժեքավոր պատմամշակութային ժառանգությունը, հետաքրքիր համայնքներն ու հրաշալի մարդկանց: Այս աշխատանքի շնորհիվ ես կարողացա ձեռք բերել բազմաթիվ նոր ընկերներ, ճանաչել նոր մարդկանց, վերաճանաչել և խորությամբ հասկանալ մարդկանց, որոնց հետ ես մինչ այդ ունեցել եմ այլ շփումներ և հարաբերություններ (բարեբախտաբար, մեծամասնությանը միայն դրական առումներով): Պաշտոնական իմ դիրքը հնարավորություն տվեց ինձ անձնական մասնակցություն ունենալ պետական ամենաբարձր մակարդակի միջոցառումներին, շփումներ ունենալ պատվելի և երևելի գործիչների հետ:
Երբ ես ստանձնում էի ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, հայտարարել եմ իմ բազմաշերտ պատասխանատվության մասին: Առաջին հերթին դա պատասխանատվությունն էր ՀՀ Նախագահի և իշխանությունների առջև: Ավարտելով իմ աշխատանքն այս պաշտոնում՝ ես ուրախությամբ փաստում եմ, որ չի եղել որևէ դեպք, որ ես արժանանացած լինեմ ՀՀ Նախագահի կամ ինձնից վերադաս այլ պաշտոնյաների քննադատությանը, դիտողությանն կամ կշտամբանքին, փոխարենը ՀՀ Նախագահի կողմից ինձ առաջարկվել է զբաղեցնել ավելի բարձր պետական պաշտոն՝ ինձ երջանկություն պարգևելով լինելու Հայաստանի Հանրապետության և ՀՀ Նախագահի ներկայացուցիչը եվրոպայի առաջավոր երկներից մեկում:
Ես հայտարարել էի նաև իմ պատասխանատվությունը մեր քաղաքական թիմի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության առջև: Պետք է նշել, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողացել է առնվազն պահպանել իր քաղաքական ազդեցությունը: 2013 թվականին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում մեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը վստահության ամենաբարձր քվեներից մեկը ստացել է ՀՀ Վայոց ձորի մարզում: Մեր կուսակցության ներկայացուցիչները գրեթե բոլոր դեպքերում հաջողություններ են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել համապետական բոլոր կարգի միջոցառումներին, ներքաղաքական կյանքի զարգացումներին:
Ի վերջո, ես հայտարարել էի իմ պատասխանատվությունը իմ սիրելի հայրիկի՝ Ֆերդինանդ Ղազարյանի հիշատակի առջև: Հուսով եմ, որ իմ գործունեությամբ, որոշումներով և քայլերով ես չեմ վնասել իմ հայրիկի բարի համբավն ու հեղինակություն: Առավել ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ կարողացել եմ ճանաչող մարդկանց հիշողություններում թարմացնել, իսկ չճանաչողների մոտ ներկայացնել Ֆերդինանդ Ղազարյանի սկզբունքայնությունը, ազնվությունն ու հայրենասիրությունը:
Եթե ես իմ աշխատանքի ընթացքում անհնագստություն, ցավ կամ վիրավորանք եմ պատճառել որևէ մարդու, ապա անկեղծորեն ներողություն եմ խնդրում  նրանցից և հավատացնում, որ դա ոչ մի դեպքում անձնական շարժառիթներ չի ունեցել և պայմանավորված է եղել զուտ հանգամանքների բերում, պահի թելադրանքով, իրավիճակի թելադրանքով կամ աշխատանքի անհրաժեշտությամբ: Այս պահին իմ մտքում այդպիսի դեպք ես չեմ կարողանում արտաբերել: Ես հեռանում եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից բացառապես գեղեցիկ ու լավ հուշերով, բարձր տրամադրությամբ և անմառոնալի տպավորություններով:
Որտեղ էլ լինեմ, ցանկանում եմ միայն լավ լուրեր լսել Վայոց ձորից և այստեղ ապրող հրաշալի մարդկանցից:
Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում, ամենայն բարիք և հաջողություներ եմ մաղթում բոլորիդ:
Բարով մնաք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:12:18