Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով կազմակերպված ,Բաց դասին՚

21.09.2014



Հարգարժա°ն պարոն գեներալ, հարգելի° գործընկերներ, սիրելի° աշակերտներ և ուսուցիչներ:

 Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ , որ դուք ընդառաջել եք մեր հրավերքին և այսօր հավաքվել եք Եղեգնաձորի Մշակույթի տան այս դահլիճում:

 Մենք Ձեզ հրավիրել ենք  Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության  տոնի առիթով:

Այդ տոնը մեր երկրում նշվում է յուրաքանչյուր  տարվա սեպտեմբերի 21-ին՝ ի նշանավորումն հայ ժողովրդի միասնական  կամքի, ազատության  համար պայքարի և դրա փառահեղ հաղթանակի, որի ծնունդն է Հայսատանի Հանրապետությունը:

 Ես ուզում եմ Ձեզ մի հեքիաթ պատմել, որը շատ պատմություն չունի: Պատկերացրեք  30 տարի առաջ  հայրենասեր մի մարդ, որը ապրում էր  անհոգ կյանքով, ուներ ընտանիք,  աշխատանք, ապրուստ, ապրելու բոլոր պայմանները, բայց ունի խռով հոգի, և նա 30 տարի առաջ իր գլուխը բարձին դնելով մի երազ է տեսնում: Այդ երազում  2011 թվականն է, Երևանի կենտրոնում , Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, ՀՀ Զինված ուժերը՝ ի տես աշխարհի, ցույց են դնում  իրենց ողջ գեղեցկությունը, հմայքը, ուժը և ոգին, և այդ զորահանդեսին՝Արցախյան հերոսամարտում փառավոր ուղի անցած Արցախի Հերոսի պատվավոր կոչումը կրծքին՝ Պաշտպանության նախարարը զեկուցում է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախյան գոյամարտում փառավորված, Արցախի Հերոսի կոչումը ստացած հրամանատարին՝ զորահանդեսի պատրաստվածության, և զինված ուժերի մարտունակության մասին:

 30 տարի առաջ, հավատացեք, որ դա հեքիաթ էր, և ոչ ոք այդ հեքիաթին չէր կարող հավատալ: Այդ նույն մարդը երևի երազ էր տեսել, որ այս դահլիճում, Եղեգնաձորում կարող էր հավաքվել  ավելի քան 400 երիտասարդներ, և իրենք, կրծքին ունենալով պետական դրոշի խորհրդանիշը  հանդիսացող մի նշան, լսեն հետաքրքիր մի զեկույց Հայկական բանակի գեներալից: Սա նույնպես հեքիթ կարող էր թվալ 30 տարի առաջ: Բայց, բարեբախտաբար, այս ամենը իրողություն է և մենք ապրում ենք այդ հեքիաթում:

Անկախ Հայաստանի Հանրապետությունը դա հայ ժողովրդի հազարամյա երազանքն է եղել, սակայն աստված մեր հանդեպ է բարեհաճ գտնվել և մեզ է պարգևել Անկախ Հայսատանում ապրելու երջանկությունը: Մեզ պարգևել է ապրելու երջանկությունը, սակայն մեր ժողովրդի  լավագույն զավակներն իրենց կյանքն ու առողջությունն են նվիրաբերել հանուն Հայաստանի Հանրապետության:

  Դուք, հավանաբար, Ձեր գիտակից կյանքում  չեք տեսել  արցախյան գոյամարտը, այն ծանրությունն ու վիշտը, դժվարությունները, տառապանքը, հոգսը, որ կրել է մեր ժողովուրդը այդ ժամանակաշրջանում: Բայց Դուք տեսել եք, թե մի քանի օր առաջ, ընդամենը մի քանի օր առաջ, ինչպես էին մեր Հայրենիքի զինվորները, պայմանագրային և ժանկետային  զինծառայողներ, զոհաբերում իրենց կյանքը՝ հայրենքի իրենց վստահված հատվածը, Հայրենիքի իրենց սահմանը պաշտպանելու համար՝ անձնազոհությամբ ու նվիրումով:

Պետական օրհներգի խոսքերին հավատարիմ, որ ամենայն տեղ մահը մի է, ու երջանկություն է  հանուն Հայրենիքի, հանուն ազատության զոհողությունը, նրանք զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության, բայց մենք ապրում ենք  Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն մենք մեղք ենք գործում նրանց հանդեպ, և այդ մեղքը արդարացման մեկ ձև ունի միայն՝ անձնազոհության աստիճան  ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հանրապետությանը ծառայությունը դա միայն  զինվորական ծառայությունը չէ: Զինվորական ծառայությունը  թերևս ամենակարևորն է, ամենացանկալին, ամենանվիրականը, որը պահանջում է նաև ամեն ինչի հետ միասին խիզախություն, քաջություն, անձնազոհություն: Հայրենիքին ծառայություն է նաև լավ սովորելը, Հայրենիքին ծառայել է նաև լավ աշխատելը, Հայրենիքին ծառայել է  բիզնեսով զբաղվելը, մեր քաղաքացիների համար ապրանքներ, ծառայություններ ստեղծելը, հարկեր վճարելը, բարիք ստեղծելը, մարդկանց բժշկելը, արվեստի ստեղծագործություններ կերտելը, եկեղեցում աղոթելը, այս ամենը ծառայություն է Հայաստանին: Եվ  Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իբրև տեր միշտ կանգնած լինել իր պետության կողքին, և իբրև ծառա՝ մշտապես ծառայել իր ժողովրդին: Զինվորական գործի մեջ ամեն ինչ կանոնակարգված է՝ զինվորականների յուրաքանչյուր քայլ, շարժում կամ խոսք:

Եվ երբ որ զինվորականները նոր պետական պարգևի են արժանանում, կամ ավելի բարձր կոչում են ստանում, նրանք արտաբերում են  հետևյալ խոսքերը.

<<Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը>>:

Սա նշանակում է, որ  գոյություն չունի ավելի բարձր պարգև, և ավելի բարձր կոչում, քան  ծառայությունն է սեփական Հայրենիքին և ժողովրդին:

 Այսօր, այս միջոցառման ժամանակ,  մենք Ձեզ խորհրդանշական մի կրծքանշան ենք նվիրել, պետական դրոշի գույներով: Կրեք այն հպարտությամբ, ցանկացած պահի:

Աշխարհում կան ավելի շատ ժողովուրդներ, քան պետություններ: Ամեն ժողովուրդ չէ , որ վայելում է իր անկախ  երկրում ապրելու երջանկությունը: 20-րդ դարում, հայ ժողովուրդը կարողացել է կերտել միանգամից 2 անկախ հանրապետություն՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը: Սա ամենաթանկն է ու նվիրականը:

 Մեզ համար թանկ են մեր ծնողները, թանկ են մեր զավակները, թանկ են մեր ընկերներն ու  մտերիմները, բայց չկա ավելի թանկ բան, քան  Հայաստանի Հանրապետությունը, հանուն որի ամեն ինչ արժանի է զոհողության, բայց ոչ երբեք Հայոց անկախ պետականությունը:

 Վստահ եղեք, մենք ապրում ենք աշխարհի լավագույն երկրում: Բնության մեջ կան հրաշալի գույներ ու պատկերներ, բայց լավագույն գունային համադրությունը դա կարմիր, կապույտ,նարնջագույնն է:

 Աշխարհում տաղանդավոր նկարիչներ կերտել են  հրաշալի պատկերներ ու նկարներ, չկա ավելի գեղեցիկը, քան Հայաստանի Հանրապետության  պետական զինանշանն է: Տարբեր կոմպոզիտորներ, բանաստեղծներ հեղինակել են  տարբեր ստեղծագործություններ և երգեր, չկա ավելի լավը, քան <<Մեր Հայրենիք>>-ն է:

 Կե°ցցե  Հայաստանի Հանրապետությունը:

 Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի  Հանրապետության 23-րդ տարեդարձի առիթով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29