Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը Tert.am կայքի թղթակցի հետ

15.08.2014

 

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հայ-նախիջևանյան սահմանային իրավիճակը համարում է խաղաղ: <<Բարեբախտաբար հայ-նախիջևանյան սահմանը մշտապես խաղաղ է, և այնտեղ գրեթե միջադեպեր չեն լինում: Ընդհանուր առմամբ, մեր զինվորները խաղաղ ծառայություն են իրականացնում>>,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նույնիսկ վերջին սահմանային լարվածության ժամանակ իրենց դիրքերում կրակոցներ չկան ո´չ բնակավայրերի, ո´չ դիրքերի ուղղություններով, և իրավիճակն ընդհանուր առմամբ խաղաղ է. <<Ես պարբերաբար եմ այցելում սահմանային դիրքեր, առաջիկա շաբաթվա ընթացքում ևս պլանավորում եմ այցելել։ Մենք պարբերաբար այցելում ենք մեր զինվորներին>>:

Հարցին, թե մոտիկից ծանոթ լինելով իրավիճակին՝ արդյոք դիրքապահների շարքերն այսօր կամավորներով համալրելու կարիք կա, մարզպետը պատասխանեց. <<Կարծում եմ, որ ոչ: Վերջին օրերի իրադարձությունների ժամանակ մեզ մոտ Արցախյան ազատամարտի մասնակիցները և բազմաթիվ այլ մարդիկ պատրաստակամություն են հայտնել համալրել Զինված ուժերի շարքերը, բայց դա մեր բանակի ներկա կազմակերպվածության պայմաններում չի իրականանում, դրա անհրաժեշտությունն առայժմ չկա: Երբ լինի զորահավաք, բոլոր նրանք, ովքեր պիտանի են հայրենիքի պաշտպանության համար, նրանք կզինվորագրվեն և կլրացնեն մեր բանակի շարքերը: Բայց հիմա դրա կարիքը չկա և որևէ նախապատրաստական գործողություններ այդ առումով չկան: Առայժմ մեր բանակը կարողանում է ապահովել մեր անվտանգությունը>>:

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում որոշ ժամանակ առաջ հակառակորդի ակտիվությանը, Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ հակառակորդը, առհասարակ, վերջին շրջանում շփման գծում որոշակի լարվածություն է հրահրել, բայց արժանի հակահարված է ստացել. <<Ես կարծում եմ, որ նրանք կարող են այդ ամեն ինչից հետևություններ անել և պահպանել խաղաղության այն համաձայնագիրը, որը ստորագրվել է դեռևս 1994թ.-ին>>:

Մարզպետն անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների մասին տարածված տեղեկությանը, որը հերքել էր ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: <<Դիվերսանտների ներթափանցման լուրը կեղծ է։ Ցավում եմ, որ կան լրատվամիջոցներ, որոնք նման կեղծ լուրեր են տարածում և մարդկանց խուճապի մատնում: Ցանկացած լրատվամիջոց պետք է պատասխանատվությամբ վերաբերվի հանրությանն առնչվող հարցերին հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ կան սահմանամերձ գյուղեր, որտեղ ապրող մարդկանց անհարկի լարվածության վիճակի բերելը ոչ մի կերպ չի արդարացվում>>,- ասաց նա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45