Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

<<Առաջին լրատվական>>-ի RealPolitik հաղորդման հյուրն է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը

21.07.2014



 - Օրերս կլրանա նոր կառավարության գործունեության հարյուր օրը: Կխնդրեի, որպես մարզպետ՝ գնահատեիք, թե նոր կառավարության տարածքային քաղաքականությունն ինչպիսի՞ն է, տարբերվո՞ւմ է նախորդ կառավարության հռչակած նպատակներից, առաջնահերթություններից: Մարզերում մարդիկ կարո՞ղ են նոր սպասելիք ունենալ նոր կառավարությունից, թե՞ ոչ:

 - Նախ` ասեմ ձեզ, որ առհասարակ կառավարության գործունեության մասով ես իրավասու չեմ մեկնաբանություններ անելու, իսկ ինչ վերաբերում է կառավարության գործունեության ծրագրի տարածքային համաչափ զարգացման բաղադրիչին, ապա ի սկզբանե ասեմ, որ նոր ձևավորված կառավարությունն իր ծրագրում որպես հիմնարար դրույթներ հռչակել է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և որոշակի իմաստով` նախորդ կառավարության ծրագրի (դրույթները), որովհետև ըստ էության` նոր կառավարության  ձևավորումով քաղաքական թիմի փոփոխություն տեղի չի ունեցել, և բնականաբար, նոր կառավարությունը նոր մոտեցումներով կյանքի է կոչում այն ծրագրային հիմնարար դրույթները, որոնք արտացոլված են քաղաքական փաստաթղթերում, նախընտրական ծրագրերում:

- Քանի որ անընդհատ խոսվում է, որ մարզերին պիտի ավելի շատ ուշադրություն դարձվի, որպես մարզպետ` ի՞նչ ակնկալիք ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ուշադրությունը, ինչպե՞ս պիտի արդյունավորվի այդ ամենը, տեսլական կա՞ ընդհանրապես:

 - Կան ոչ միայն տեսական, այլև կոնկրետ պրակտիկ քայլեր, գործողություններ, որոնք միտված են այդ խնդրի լուծմանը: Կառավարության գործունեության ծրագրում տարածքային համաչափ զարգացումն առանձնակի շեշտադրումով է ներկայացված, դրա հետ միասին գործունեության ծրագրում առանձին դրույթներ կան, որոնք վերաբերում են ՏԻ համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը, որը նույնպես, կարծում եմ, տրամաբանական է քննարկել տարածքային համաչափ զարգացման համատեքստում: Եթե դա նայենք կոնկրետ գործողությունների տեսանկյունից, յուրաքանչյուր տարի ֆինանսական համահարթեցման սկզբունքով կառավարությունը մեծացնում է համայնքներին տրվող դոտացիաների ֆիզիկական ծավալները, իսկ դրանք միջոցներ են, որոնք ուղղվում են համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Առավելապես այդ միջոցներով են համայնքները կարողանում զարգացնել սոցիալական ենթակառուցվածքները, պահել մանկապարտեզներ, մշակութային հիմնարկներ, վճարել աշխատավարձեր, հոգալ համայնքների բարեկարգման, սանմաքրման աշխատանքները: Սա նույնպես քաղաքական մոտեցում է` աջակցել համայնքներին ֆինանսապես:

- Մենք նկարահանող խմբեր ենք ուղարկում տարբեր մարզեր՝ բավական լուրջ արտագաղթի հետևանքով համայնքները դատարկվում են, կարծես առկա է օպտիմալացման միտում, համայնքների խոշորացման գործընթաց է սկսել: Խնդրեմ`  պատճառները թվարկեք, ինչո՞ւ  և ո՞ւր կարող ենք հասնել այդ խոշորացման արդյունքում:

 - Օպտիմալացում տերմինը թերևս առավել ճիշտ է կիրառել, որովհետև այդ բարեփոխումները միտված են ամրապնդելու ՏԻ կարողությունները: Մենք մեր երկրում ունենք մոտ 1000 բնակավայր և 915 համայնք, այսինքն` գրեթե յուրաքանչյուր բնակավայր ստացել է համայնքի կարգավիճակ:  Իսկ ՏԻ մասին օրենքը, հիմնվելով եվրոպական խարտիայի վրա, սահմանում է, որ ՏԻ-ն ոչ միայն իրավունք է տեղական իշխանությունների` ինքնուրույնաբար հանդես գալու, այլև կարողություն` լուծելու տեղական նշանակության խնդիրները: Ի սկզբանե ձևավորված համայնքի փոքր չափերը բացասաբար են անդրադառնում համայնքների կարողությունների վրա: Ցավոք, մենք ունենք շատ համայնքներ, որոնք իրենց կենսական խնդիրները լուծելու սեփական կարողություններ չունեն: Այդ բարեփոխումները միտված են առաջին հերթին ամրապնդելու այդ կարողությունները, հակառակ պարագայում տեղական իշխանությունների գոյությունն այլևս արդարացված չի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:12:18