Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը 2013 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր հանրահավաքում

10.05.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը 2013 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր հանրահավաքում

Հարգարժան պարոն գեներալ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի սպաներ և զինվորներ:
Պատվարժան վետերաններ և ազատամարտիկներ:
Սիրելի հայրենակիցներ:
Տիկնայք և պարոնայք:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական տոն է. Հաղթանակի և խաղաղության տոն: Այն նշանավորվում է Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և Արցախյան հերոսամարտի բեկումնային և կարևորագույն ռազմական հաջողությամբ՝ Շուշիի ազատագրմամբ: Պատահական չէ, որ այս օրը ձևակերպված է որպես Հաղթանակի և խաղաղության օր, քանզի խաղաղություն հնարավոր է հաստատել միայն հաղթանակի միջոցով, խաղաղությունն իմաստավորվում է միայն հաղթանակով: Այս օրով մեր ժողովրդի փառապանծ զավակները մեզ վերադարձրել են հաղթողի ոգին, հաղթանակի ուժն ու հրճվանքը:
Այսօրվա մեր հաղթանակի և խաղաղության համար առաջին հերթին մենք պարտական ենք իրենց կյանքը Հայրենիքն նվիրաբերած մեր քաջորդիներին: Մենք մեր խոնարհում ենք բերում Անհայտ զինվորի գերեզմանին, հիշում Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմում զոհված մեր ժողովրդի լավագույն զավակներին: Նրանք մեզ հետ են յուրաքանչյուր պահի, նրանց հոգիները մեզ վերադառնում են յուրաքանչյուր առավոտ՝ արևի շողերով, կենարար լույսով և ջերմությամբ: Նրանց սգակիր մայրերն, այրիները, քույրերն ու զավակները անձնական վշտի տեր են ամեն օր, սակայն այսօր բոլորից շատ նրանք պետք է ուրախ լինեն, քանզի այս տոնն առաջին հերթին նրանց է պատկանում:
Հավերժ փառք բոլոր ընկածներին:
Փառք մեր կողքին, մեզ հետ ապրող կենդանի լեգենդներին, մեր վետերաններին ու ազատամարտիկներին: Հայրենական Մեծ պատերազմի վետերանները մեր մեծ հարստությունն են, նրանք իրենց փառավոր ներկայությամբ գեղեցկացնում են մեր կյանքը և իրենց ներկայությամբ ստիպում են մեզ հետևել իրենց օրինակին. ամենօրյա աշխատանքում լինել անձնազոհ և նվիրված Հայրենիքին: Արցախյան Հերոսամարտի մասնակիցները խաղաղ պայմաններում շարունակում են ծառայել ժողովրդին: Նրանցից շատերը շարունակում են մնալ իբրև Հայրենիքի զինվոր՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում՝ իրականացնելով մարտական տարբեր առաջադրանքներ: Դժվարությամբ ձեռք բերված Հայաստանի Հանրապետությունը և հաղթանակած Հայոց բանակը այսօր վստահելի ձեռքերում են.Հայաստանի Հանրապետության Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի գերագույն գլխավոր հրամանատարությամբ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի Հերոս գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ:
Սիրելի Հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ և լուսավոր օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: Թող այսուհետ միայն խաղաղություն տիրի Հայոց աշխարհում: Թող մեր հետագա հաղթանակները կերտվեն տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Փառք Հայ ժողովրդին:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29