Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Վայոց ձորի մարզպետի հարցազրույցը <Արմենպրես>-ի թղթակցի հետ

07.10.2012

Վայոց ձորի զարգացման գերակայությունը զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունն է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզը զարգացման երկու հիմնական ուղղություն ունի` առաջինը գյուղատնտեսությունը, երկրորդը` զբասաշրջությունն է: Ավելին` սրանք փողկապակցված են, քանի որ զբոսաշրջության զարգացումը միաժամանակ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը: Մարզին վերաբերող խնդիրների, ծրագրերի եւ նպատակների մասին, ինչպես նաեւ պաշտոնավարման 100 օրվա առթիվ «Արմենպրես»-ը զրուցել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, լրանում է Ձեր պաշտոնավարման 100 օրը, ի՞նչ ծրագրեր եք հասցրել կյանքի կոչել այս ժամանակահատվածում և ի՞նչ պլաններ կան ապագայի համար:

-Հարյուր օրերի ընթացքում արդեն հասցրել եմ լինել մարզի բոլոր համայնքներում, մասնակցել համայնքների ղեկավարների հրապակային հաշվետվություններին: Այս ժամանակահատվածում մարզում աշխատանքային այցով եղել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Գյուղատնտեսության, Առողջապահության, Պաշտպանության նախարարները, որոնց հետ քննարկվել ենք ոլորտային տարբեր խնդիրներ: Շարունակվել է համագործակցությունը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի տարածաշրջանի հետ, կազմակերպվել են բերքի մթերումներ` ծիրանի, դեղձի, ներկայում ընթացքի մեջ է խաղողի մթերումը:

-Իսկ ի՞նչ քանակությամբ մթերումներ են իրականացվել մարզի տարածքում:

-Ծիրանի բերքն այս տարի լավն էր, միայն «Արարատ» սննդի կոմբինատը Եղեգնաձորի պահածոների գործարանի տարածքում մթերել է 8000 տոննա ծիրան, որն աննախադեպ էր մարզի համար, հիմա էլ խնձորի, տանձի մթերումները պետք է սկսվեն:

-Գյուղական տարածքների արոտավայրերի բարելավման ծրագրերն ի՞նչ օգուտ են տվել մարզին:

-Ներկայում կա Հանրապետության Նախագահի հանձնարարականը գյուղատնտեսության զարգացման ընդհանուր համատեքստում, որտեղ պետք է օգտագործվեն բոլոր տիպի հողատարածությունները: Իրականացվում է ոչխարաբուծության զարգացման ծրագիրը, ներդրումներն ուղղվում են հիմնականում այն տարածաշրջաններ, որտեղ զարգացման ներուժ կա, սակայն առկա հնարավորությունները չեն օգտագործվել: Ներդրողները չեն խանգարելու ավանդական գյուղատնտեսություն վարող մենատնտեսներին, այլ օգտագործելու են այն տարածքները, որոնք երբևէ չեն օգտագործվել: Դա առաջին հերթին վերաբերում է սահմանամերձ տարածքներին և միջոցները պետք է ուղղվեն հենց այդ տարածքների ամրապնդմանը: Սննդամթերքի անվտանգության տեսչության հետ պիլոտային ծրագիր է իրականացվում Վայոց ձորի մարզում, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է հաշվվում, որը Վայոց ձորի մսաթերքն ու կաթնամթերքը կդարձնի անվտանգ և ավելի հասանելի բնակչության համար: Կաթնամթերքի խոշոր արտադրողներ չկան, սակայն մթերումներ իրականացվում են: Ծրագրեր են նախապատրաստվում խոշոր անասնապահական համալիրների ստեղծման համար:

-Մթերվող կաթի գինը այս տարի ցածր էր, ինչպե՞ս է իրավիճակը Վայոց ձորի մարզում:

-Կաթի մթերվող գինը, իսկապես, բարձր չէ, սակայն դժգոհությունը ոչ թե գինն է, այլ տնտեսությունների փոքր լինելը, որոնք մեծ ծավալներ չեն կարողանում ապահովել: Անասնագլխաքանակի ոչ բավարար քանակի պայմաններում 110 դրամ մթերվող կաթն այնքան էլ ձեռնտու չէ: Նշեմ, որ անասնակերի կուտակման հետ կապված խնդիր չկա մարզում և գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ քանակության խոտի պաշարներ են ստեղծել և անասնագլխաքանակի անկում Վայոց ձորում հաստատ չի լինի:

-Իսկ մարզի հետագա տնտեսական զարգացման համար, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել:

-Վայոց ձորի մարզն ունի զարգացման երկու ուղղություն` առաջինը գյուղատնտեսությունը, որովհետև մարզը գյուղատնտեսական տարածաշրջան է, մարզի բնակչության մեծամասնությունը ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում, հետևաբար` գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացումն ունի հայեցակարգային նշանակություն: Երկրորդը` զբասաշրջությունն է, որի համար առանձնացվում են մի քանի գոտիներ: Առաջինը` Ջերմուկն է, որն ունի իր ուրույն զարգացման քաղաքականությունը և մոտեցումները: Երկրորդը` գինեգործության զարգացման հետ կապված Արփայի հովտի տուրիստական կենտրոնի ստեղծումն է: Երրորդը` Եղեգիսի կիրճն է, որտեղ կառուցվելու է շատ հետաքրքիր տուրիստական համալիր, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջան այցելող տուրիստներին գիշերել հենց Վայոց ձորի մարզում: Մարզի տուրիզմին վերաբերող հիմնական խնդիրն այն է, որ մարզ այցելող զբոսաշրջիկների համար այն աստիճանի գրավչություն ապահովվի, որ երկար մնան մարզի տարածքում:

-Այսինքն հյուրանոցների պակաս կա մարզում և ի՞նչ վիճակում են գտնվում ենթակառուցվածքներն ընդհանրապես:

-Կա այդ խնդիրը: Օրինակ` Նորավանքը տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում է, սակայն նրանք մարզի տնտեսությանը որևէ էական օգուտ չեն տալիս: Մեկօրյա այցելությունների ընթացքում շատերը բերելով իրենց ճամփորդական ուտելիքը, մարզի տարածքում միայն աղբ են թողում և ամեն տարի, հատկապես Նորավանքի մոտ կազմակերպվում է լայնամասշտաբ աղբահանություն: Խնդիրը միայն այստեղ հյուրանոցների պակասը չէ, այլ այն, որ մարդիկ գան և մնան:

-Տուրիստական պոտենցիալի բացահայտման ի՞նչ այլ ծրագրեր են իրականացվում մարզում:

-Խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում ՀՀ մշակույթի նախարարության հետ, մասնավոր կազմակերպություններին ենք փորձում ներգրավել այդ աշխատանքներում, որպեսզի առավել ապրանքային տեսքի բերվեն ծրագրերը և ներկայացվեն հավանական ներդրողներին: Հուսով եմ, որ այս ուղղությամբ հաջողություններ կունենանք, քանի որ զբոսաշրջության զարգացումը միաժամանակ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, որը մարզի համար հայեցակարգային առաջնահերթություն է:

Հարցազրույցը` Արտակ Մարկոսյանի

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-01-26 10:26:54